Լոգոպեդի օգնությամբ Գեղամ Գրիգորյանը վերականգնում է խոսքը: Հոկտեմբերին ձախ քնային զարկերակի հրազենային վիրավորում էր ստացել Շուշիում: Պրոթեզավորումից հետո բարդացում է ունեցել:
Գոհար Խաչատրյան (բժիշկ) - Ունենք առաջընթաց, քայլքի տեխնիկայի լավացում, ունենք աջ վերջույթների շարժման ծավալների ավելացում, ինչպես նաև բառապաշարի հարստացում: Ինքնուրույն է իր առօրյա ինքնասպասարկման հմտություններում:
44-օրյա պատերազմից հետո Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն ընդունել է մոտ 120 վիրավորի: Այստեղ նրանք ստանում են կինեզոթերապիա, էրգոթերապիա, ջրաբուժություն, հոգեբանի և լոգոպեդի ծառայություն:
Վարդան Թադևոսյան (Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Բարեբախտաբար, տղաները շատ ինտուզիազմով են իրենց բուժումը ստանում: Շատերը շատ արագ էլ վերականգնվում են ու ապաքինվում:
26 տարի Արմեն Ավետիսյանը հենաշարժողական խնդիր ունի: Ականի վրա պայթել է Արցախյան առաջին պատերազմում: Այստեղ է վերքերի բուժման համար: Առիթն օգտագործելով՝ մասնագետներն օգնում են ինչով կարող են:
Արմեն Ավետիսյան (ազատամարտիկ) - Մկաններն են ձգվում, վերականգնվում է արյան շրջանառությունը:
Կինեզոթերապիստ Քրիստինե Պետրոսյանն ասում է՝ սա տուն է, որտեղ խնդիրներն ու հաջողությունները բոլորինն են:
Քրիստինե Պետրոսյան (բժիշկ-կինեզոթերապիստ) - Որ հիշում ես` նրանք ինչով են անցել: Եթե դու աշխատում ես նման մարդկանց հետ, պարտավոր ես նրանց օգնել ամեն հարցում:
Ֆիզիկական վարժությունները համեմատաբար անցավ են ջրում: Ապաքինվողները պարբերաբար ջրաբուժություն են ստանում: Մելինե Սարգսյանը վստահեցնում է՝ օրեր անց արդյունքները նկատելի են:
Մելինե Սարգսյան (վերականգնող թերապիստ) - Այն շարժումը, որ շատ դժվար ենք ստանում մատի վրա, ջրի մեջ ավելի հեշտ է, ավելի անցավ: Հաճույքով են կատարում: Ավելի հետաքրքիր է անցնում պարապմունքը:
Արդյունքների մասին Էդիկ Պետրոսյանը խոսում է ժպիտով, ժպիտ պարգևում բոլորին: Վիրավորվել է անօդաչուի հարվածից, հիմնականում վնասվել են վերջույթները:
Էդիկ Պետրոսյան (44-օրյա պատերազմի մասնակից) - Ձեռքս արդեն բացվում է, տարբերություն կա, մատերս մանրից աշխատում են:
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը գործում է 1998-ից: Կարմիր խաչի, «Հայաստան» հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ֆինանսավորմամբ առաջիկայում կբարելավվեն կենտրոնի շենքային պայմանները: