Սառան դեռ մեկ տարեկան էլ չկա, բայց արդեն երրորդ անգամ հիվանդանոցային բուժում է ստանում: Առաջին այցը քովիդի պատճառով էր: Հայաստանի ամենամեծ մանկական կլինիկաներից մեկը վերջին 2 ամիսն աշխատում է բավականին ծանրաբեռնված՝ ասում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի երկրորդ մանկաբուժական կլինիկայի ղեկավարը: Սա քովիդի հետևանք համարելու կամ չհամարելու համար երկարատև և լուրջ ուսումնասիրություններ են պետք՝ ասում են մասնագետները: Տարբեր հիվանդություններ սրվել են, բայց քովիդով հիվանդ երեխաների, ինչպեսև մեծահասակների թիվը նվազել է:
Մարի Դարակչյան («Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական 2-րդ կլինիկայի ղեկավար) - Դա չի նշանակում, որ չենք ախտորոշում, չենք հայտնաբերում: Իհարկե, կա հայտնաբերելիություն:
Կան հիվանդություններ և բարդություններ, որոնց պարագայում բժիշկները հստա՛կ գիտեն` կորոնավիրուսի հետևանք է:
Մարի Դարակչյան - Քովիդից հետո լինում է բարդություն կավասակիի կամ կավասակիանման ախտահարման, որոնց դեպքում այդ երեխաների թիվն այնքան էլ մեծ չէ, բայց դրանք բավականին ծանր են և մուլտիդիցիպլինար մոտեցում են պահանջում և բավական երկար հոսպիտալացում, և ծախսատար է այդ հիվանդների բուժումը:
Երկրորդ տեղում աստենիզացիայի համախտանիշով երեխաներն են: Ցանկացած լուրջ հիվանդությունից հետո երեխան հոգնածություն, թուլություն է ունենում, երբեմն նաև՝ ջերմություն: Այս պահին ստացիոնար բուժում ստացողների թվում նաև քովիդով վարակված-առողջացած, այս ախտանշաններով երեխաներն են: Բժշկուհին հիշեցնում է. քովիդը ջրծաղիկ չէ, կարմրուկ չէ, վարակվելն այնքան հեշտ չէ, որքան այդ հիվանդությունների դեպքում: Այս ամիսների ընթացքում են համոզվել. եթե խստորեն են պահպանվում հակահամաճարակային կանոնները, հնարավոր է խուսափել քովիդից: