Այսօր Սոչիում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ներկայացնում է РИА Новости-ն: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «երկու երկրի ղեկավարները նախ կզրուցեն, հետո նրանց շփումը կշարունակվի աշխատանքային ճաշի սեղանի շուրջ»: Պեսկովը նաև նշել է, որ երկու նախագահների հանդիպումից հետո մամուլի հայտարարություններ չեն նախատեսվում:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր և երկու պետությունների համատեղ նախագծեր:
Պեսկովը լրագրողների հետ հարցազրույցում պարզաբանել է, որ առաջնորդները չեն անտեսի Ryanair ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպը: Ըստ Կրեմլի խոսնակի՝ Լուկաշենկոն հնարավորություն կունենա Ռուսաստանի պետության ղեկավարին մանրամասն տեղեկացնել ինքնաթիռի հետ կատարվածի հանգամանքների և պատճառների մասին: Նա նաև չի բացառել, որ Պուտինն ու Լուկաշենկոն կանդրադառնան ՌԴ քաղաքացի Սոֆյա Սապեգիի ձերբակալությանը: Ըստ վերջին տեղեկությունների՝ նա խոստովանել է, որ «Բելառուսի Սև գիրք» հեռագրական ալիքի խմբագիրն է, որտեղ տեղադրում են հանրապետության ներքին գործերի աշխատակիցների անձնական տվյալները:
Ընդհանուր առմամբ, ըստ Պեսկովի, հանդիպման օրակարգը հիմնականում տնտեսական է, երկու նախագահների շփումը կսահմանափակվի մեկ օրով: Հանգստյան օրերին Պուտինն առաջարկել է Լուկաշենկոյին լողալ ծովում, ինչին Լուկաշենկոն պատասխանել է երախտագիտության զգացումով: