Ներքին Կարմիրում կարմիր ժապավենի օր է: Սահմանամերձ գյուղը դիմավորում է նոր բնակիչներին՝ Արցախից տեղահանված ևս մեկ ընտանիքի:
Բաղդասարյանների ընտանիքը Քաշաթաղի Վուրգավան գյուղից դուրս է եկել պատերազմի առաջին օրերին՝ հույսով, որ օրեր անց վերադառնալու է:
Լիանա Սմբատյան (Արցախից տեղահանված) - Առավոտյան շուտ պետք է գնայինք խաղող քաղելու, հասել էր բերքը, որ վաճառենք, նաև կով կթենք, միանգամից պայթյուն, կրակոցի ձայն: Ամուսինս էլ պայմանագրային ծառայող էր, զանգեց, ճշտումներ արեց, որ պատերազմ է սկսվել:
Ժամանակավոր ապրել են Գեղարքունիքի Ծովազարդ գյուղում, մինչև Ներքին Կարմիրաղբյուրում շինարարները կավարտեին իրենց մշտական հասցեի նոր բնակարանի նորոգումը:
Ռոբերտ Բաղդասարյան (Արցախից տեղահանված) - Ստեղծել, դրել էինք, կռվի պատճառով թողինք, չբերեցինք: Աստծուն փառք: Կփորձենք հարմարվել, ապրել, նորից սկսել:
Սահմանին մոտ վերաբնակեցված արցախցի ընտանիքի միակ ցանկությունը խաղաղությունն է, որ այլևս կռվի ձայն չլսեն:
Վերաբնակեցման այս նախագիծն իրականացրել է 4 կազմակերպություն: Երկու ամսում երկրորդ ընտանիքն են տեղավորել Ներքին Կարմիրաղբյուրում:
Անահիտ Քալանթարյան (FCN բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն) - Գույքը, հագուստը, սնունդը, 3 ամիս սնունդը կտանք, մինչև ոտքի կանգնեն:
Արմեն Սիմոնյան («Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչ) - Ծրագրում ենք ևս 20-25 տուն նվիրաբերվի արցախցիներին, որոնք կորցրել են:
Ուսումնական տարվա ավարտին գյուղի դպրոցը կհամալրվի նոր աշակերտներով: Բաղդասարյանները չորս երեխա ունեն:
Լարիսա Հովհաննիսյան («Դասավանդիր, Հայաստան» ծրագրի հիմնադիր) - Նաև պատերազմից հետ արտակարգ կրթություն ծրագիր սկսեցինք, աշխատեցինք երեխաների հետ:
Տեր Աբելը Մովսեսից է եկել՝ օրհնելու գյուղում ստեղծված նոր օջախը: Արցունքով է հիշեցնում այս տոհմի պատմությունը: Նախնիները Մուշից են, ուխտել են շատ զավակներ ունենալ:
Տեր Աբել քահանա Քարտաշյան (Մովսեսի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ) - Այգեկութ չէր արել, խաղողը, արքայախնձորը, նուռը չէր քաղել, ստիպված տեղահանվեց, էլի անկոտրում կամքով է, գալիս է սահմանապահ գյուղ, հոգով սահմանապահ է, գիտի, որ հողը եթե չես մշակում,մշակողները ատամները սրած սպասում են:
Տեղահանված արցախցիներին աջակցող կազմակերպությունները վերաբնակեցման ծրագրեր ունեն նաև Ներքին Կարմիրաղբյուրի հարևան գյուղերում: