Հանրապետության օրվա կապակցությամբ մայիսի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հասարակական, քաղաքական և ռազմական գործիչների կյանքին ու գործունեությանը Ռումինիայում 20-րդ դարի միջպատերազմական (Interbellum) ժամանակահատվածում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո մի շարք հայ ականավոր քաղաքական ու ռազմական գործիչներ հաստատվել էին Ռումինիայում: Նրանց թվում էր նաև Պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը, որն իր նշանակալի ավանդն ունեցավ նաև ռումինահայ համայնքի կյանքում:
Դեսպանը նաև անդրադարձավ օրվա խորհրդին՝ նշելով. «Ավելի քան 100 տարի առաջ Սարդարապատի և մայիսյան մյուս հաղթանակների, ինչպես նաև Առաջին Հանրապետության հռչակումով վերականգնվեց մեր պետականությունը և հայ ժողովրդի ազատ ու անկախ ապրելու դարավոր երազանքը: Համոզված եմ, որ այսօր էլ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միասնաբար հաղթահարելու են ներկա մարտահրավերները»:
Միջոցառման ընթացքում ներկաները հեղինակի, ռումինահայ դերասաններ Արմինե Ոսկանյանի և Ֆլորին Կևորկյանի ընթերցմամբ ունկնդրեցին Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի այն հատվածը, որում ներկայացված են Դրաստամատ Կանայանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև նրա հարաբերությունները ռումինահայ համայնքի հետ:
Միջոցառման ավարտին դեսպան Մինասյանը ռումինահայ համայնքի ականավոր ներկայացուցիչ՝ լրագրող, գրող և թարգմանիչ Մադլենա Գարագաշյանին հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը: