ՄԱՅԻՍԻ 28-Ը՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՆԿՈՒՆ ԿԱՄՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
«Այս տոնն անկախության և ազատության համար մարտնչելու մեր ժողովրդի աննկուն կամքի խորհրդանիշն է». վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ, նշել՝ Մայիսի 28-ը մարմնավորում է անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի դարավոր ձգտումը։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Դժվար պահերին հայ ժողովուրդը մշտապես կարողացել է համախմբվել, լինել մի բռունցք, բոլոր ուժերն ուղղել հանուն պաշտպանության, հանուն ինքնիշխանության և պետականության: Համոզված եմ, այսօր էլ պետք է գործենք նույն ոգով, Երևանից մինչև սահմանապահ գյուղեր լինենք մեկ ընտանիք՝ ի շահ մեր սիրելի Հայրենիքի անվտանգության ապահովման: Մենք մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք և կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում և թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին: Մեր սուվերենությունն ու անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող: Եվ ինչպես Արամ Մանուկյանն էր 1918-ի հուսահատության օրերին ասում՝ «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ, շնորհավորելով Հանրապետության տոնը, գրել է՝ Մայիսի 28-ը գալիս է մեզ հիշեցնելու, որ անգամ ծանրագույն հարվածներ ստանալուց հետո, միևնույն է, հայ ժողովուրդն ի զորու է շտկել մեջքը, կանգնած մնալ և առաջ նայել։
ՄԵԶՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ. ՆԱԽԱԳԱՀ
Առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձն է շնորհավորել Հայաստանի նախագահը: Արմեն Սարգսյանն իր ուղերձում նշել է՝ մեզնից, յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, և որ մենք կանգնած ենք բարոյականության ու արժանապատվության Սարդարապատի շեմին, ճակատամարտ, որի միայն հաղթակա՛ն արդյունքը կարող է երաշխավորել ամուր պետականության և զարգացման հեռանկարը:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Մենք պետք է կարողանանք ոչ միայն հաղթել, այլև խորությամբ հասկանալ, թե ինչպես վարվել այդ հաղթանակի հետ: Պետք է կարողանանք հաղթանակը լցնել մնայուն բովանդակությամբ ու վերածել հաջողությունների: Պետք է կարողանանք խորությամբ հասկանալ և ընկալել՝ ինչ է տեղի ունեցել երեկ, ինչ է տեղի ունենում այսօր, և արձագանքել ու գործել համարժեք: Կարողանանք կանխատեսել և կառավարել այն, ինչ կարող է լինել վաղը»:
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ
Շնորհավորանքներ նաև Հայաստանի հոգևոր մայրաքաղաքից: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ, ընդգծել է՝ ավելի քան 100 տարի առաջ ցեղասպանության և հայրենազրկման դառը հարվածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաև իր հայրենիքի արևելյան հատվածը և իր գոյությունը պաշտպանելու մեծ մարտահրավերների առջև, սակայն միասնաբար պայքարեց մայիսյան հերոսամարտերում՝ վերականգնելով պետականությունը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս - Առաջին Հանրապետությունը, թեև երկար չգոյատևեց, սակայն եղավ անկախ պետականության տեսանելի առհավատչյան։ Այսօր ևս մենք մտահոգ ենք մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրներով, մեր սահմանների, մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի նկատմամբ շարունակական ոտնձգություններով։ Սակայն, հավատում ենք, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից: