Հայաստանը կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ Ադրբեջանի սադրիչ գործողություններին հակազդելու համար: Սակայն Երևանը մինչև այդ գործընթացը պետք է սերտորեն աշխատի կառույցի մշտական անդամ-երկրների հետ և որոշակի երաշխիքներ ունենա ցանկալի արդյունքին հասնելու համար՝ նշում է քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
Նարեկ Մինասյան, քաղաքագետ - Կարևոր է, որպեսզի հայկական կողմը կապի մեջ լինի իր գործընկերների հետ, փորձի հստակեցնել նրանց դիրքորոշումները, որպեսզի ռեալ գնահատի նման քայլի գնալու հնարավությունները և մարտահրավերները:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կազմված է 15 անդամից, որոնցից 5-ը մշտական անդամներն են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է, որպեսզի 15 անդամից 9-ը, այդ թվում՝ 5 մշտական անդամները, կողմ քվեարկեն:
Ընդունվող բանաձևի բովանդակությունը կարող է տարբեր լինել՝ մանրամասնում է Մինասյանը. Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու արձանագրումից մինչև երկու կողմերին զսպվածության կոչ: ՄԱԿ-ը կարող է պահանջել Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում Հայաստանի տարածքից և նույնիսկ որևէ երկրի տրամադրի ռազմական գործողությունների մանդատ:
Նարեկ Մանասյան - Եթե լինի որևէ երկիր, որը կցանկանա ստանձնել մանդատը, հնարավոր է նաև ռազմական միջամտություն: Սակայն վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ տվյալ պրակտիկան խիստ հազվադեպ է կիրառվում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու գործընթացը և կառույցի արձագանքն ամիսներ է պահանջելու: Սակայն դա չի նշանակում, որ պաշտոնական Երևանը պետք է չդիտարկի իրավիճակի հանգուցալուծման այս տարբերակը՝ նշում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Այս մեխանիզմը կարող է նպաստել հետագա նույնանման միջադեպերից խուսափելու համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու համատեքստում հասարակական-քաղաքական շրջանակներում առավել հաճախ հիշատակվում է Ֆրանսիայի գործոնը: Հայաստանին ռազմական աջակցություն հատկացնելու Փարիզի պատրաստակամության մասին առաջին անգամ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հնարավո՞ր է պատկերացնել ֆրանսիացի զինվորին Սյունիքում կամ Գեղարքունիքում: Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Փարիզը նման հայտարարություն չէր անի, եթե հիմքեր չունենար:
Սյունքիում և Գեղարքունիքում Ադրբեջանի գործողությունների հստակ գնահատական է տվել ոչ միայն Ֆրանսիան, այլև Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ևս մեկը՝ Միացյալ Նահանգները: Վաշինգտոնը պահանջել է Բաքվից հետ քաշել զորքերը և չխախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: