Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։ Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Եվրոպական միությունը երկու կողմին հորդորում է ձեռնպահ մնալ հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից՝ ասված է ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ:
«Բոլոր կողմերը պետք է հետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը, և երկու կողմերը պետք է ներգրավվեն սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններում։ Մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանին՝ առանց հետաձգելու ազատել բոլոր ռազմագերիներին և անազատության մեջ պահվող անձանց։ Մենք ողջունում ենք լարվածությունների թուլացմանը միտված բոլոր ջանքերը, այդ թվում՝ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները։
ԵՄ-ն պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում»,- նշված է հայտարարության մեջ։