Հայ գերիներին ազատ արձակելու ամերիկյան բանաձևի հեղինակ Էլեն Ասատրյանը Հայաստանում է: Եկել է իր աչքով տեսնի Հայաստանում իրավիճակն ու հասկանա՝ ինչով կարող է սփյուռքն օգնել, սփյուռքին էլ հասցնի հայրենիքի իրական պատկերը:
Մայիսի 2-ին Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցության ընդունած արդեն 2-րդ բանաձևը նախ դատապարտում է Արցախի վրա հարձակումն ու 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործությունները, հորդորում Միացյալ Նահանգների Կոնգրեսին, Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Այս բանաձևով նաև պահանջում են Ադրբեջանի իշխանությունից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:
Անհրաժեշտ երաշխավորների 35 ստորագրությանը միացել էր նաև կոնգրեսական Ադամ Շիֆն ու Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության անդամներ: Ավելի քան 125 կազմակերպության ղեկավար ու գործիչ էլ երաշխավորական նամակներ է ուղարկել հանձնաժողովին՝ բանաձևն ընդունելու պահանջով։
Հեղինակած բանաձևը, թեև իրավական ուժ չունի, բայց Միացյալ Նահանգներում մեծ հեղինակություն վայելող այս ժողովրդավարական կառույցը կոչ է անում կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել, եթե դրանց մեջ Թուրքիայից և Ադրբեջանից ներդրումներ կան, քանի դեռ Անկարան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորությունը։
Այս բանաձևն անձնամբ Էլենի համար էլ շատ կարևոր է: Նախ միջազգային հանրության լռության կրկնությամբ չկրկնվեն նախկին ողբերգությունները, ապա իրեն ընտրած 10,3 միլիոն դեմոկրատների մեջ նաև շատ ամերիկահայեր կան ու նրանց առաջ, հատկապես, պատասխանատվության զգացումը մեծ է: Հենց այդ զգացումով էլ դեռ մի քանի օր կշրջի Հայաստանում, Արցախն ու Հայաստանն էլ մտքում ու սրտում կգնա մինչև Սյունիք, կայցելի Գլենդելի քույր քաղաք՝ Կապան, սահմանին ամենամոտն ապրող մարդկանց հետ կշփվի հասկանալու, թե ինչի կարիք ունեն: