Հայաստան-Ադրբեջան շփման գծում միջազգային դիտորդների տեղակայումը սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակի հանգուցալուծման լավագուն լուծումներից է՝ կարծում է քաղաքագետ Գագիկ Քեռյանը: Նա հայ-ադրբեջանական շփման գծում տեսնում է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներին, այլ Ռուսատանի ուժերին: Հիշեցնում է՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լովրովն արդեն իսկ առաջարկել է օգնություն:
Գագիկ Քեռյան, քաղաքագետ - Քանի որ նոյեմբերի 9-ին համաձայնագիրը կնքվել է ՌԴ-ՀՀ-Ադրբեջան ձևաչափով, ապա մեծ պատասխանատվություն կա միջնորդ կողմ ՌԴ-ի վրա: Ելնելով նաև տարածաշրջանում ՌԴ-ի ռազմական ներկայացվածությունից՝ առաջին հերթին պետք է ճանապարհ տալ Ռուստաստանին:
Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծում միայն ՌԴ-ի ներկայությունը պարտություն է որակում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ավելին՝ առաջարկում է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու պահանջով:
Ստեփան Գրիգորյան, քաղաքագետ - Եթե լինի միայն ՌԴ-ն, համարեք, որ չի լուծվել: Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն կա և՛ Սյունիքում, և՛ Գյումրիում, բայց մեզ չի պաշտպանում, եթե մի քանի ստորաբաժանում տանեն Սև լճի կողմերը, չի նշանակում, որ կպաշտպանեն:
Կապան, Մեղրի և Տեղ համայնքների պաշտպանությունն արդեն իսկ հանձնվել է Ռուսաստանի՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը: Հայաստանը նաև ՀԱՊԿ անդամ է: Թե այս պայմաններում ինչպես ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան կարող են լինել դիտորդական խմբում, փորձագետները տարակարծիք են:
Գագիկ Քեռյան - Ինչքան շատ են միջնորդները, այնքան շատ է քաշքշոցը: 44-օրյա պատերազմի մեջ ՄԱԿ-ը չքննարկեց: ՀՀ-ն քանի միջազգային կազմակերպության անդամ է, ոչ մի կառույց չքննարկեց, քար լռությունից հետո կենդանացան ու կցկտուր բան ասացին:
Ստեփան Գրիգորյան - Հայաստանն անկախ պետություն է, ՄԱԿ-ի անդամ է, եթե կա ուղղակի սպառնալիք մեր տարածքային ամբողջականությանը, մեր քաղաքացիների կյանքին, ապա ՀՀ-ն կարող է ցանկացած քայլի գնալ:
Մի հարցում քաղաքագետները համակարծիք են՝ Ադրբեջանը Հայաստանի առաջարկը չի ընդունելու: Նման ազդակներ են ստանում Ադրբեջանի մամուլից և Բաքվի մինչև օրս վարած քաղաքականությունից: