Իսրայելը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդի ընդունած բանաձևը, որով պահանջվում է Պաղեստինի և Իսրայելի տարածքներում մարդու իրավունքների խախտումների հետաքննություն սկսել, համարել է «բարոյական բիծ միջազգային հանրության և ՄԱԿ-ի վրա»՝ հաղորդում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:
«Որոշումը չի պարունակում որևէ հղում «Համաս» ահաբեկչական խմբավորմանը և ամբողջովին անտեսում է Իսրայելի քաղաքացիների ուղղությամբ 4300 հրթիռների արձակումը: Այս հանձնաժողովի իրական նպատակն է ծածկել Համաս ահաբեկչական խմբավորման հանցագործությունները և մեղադրել Իսրայելին իր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշված է նաև, որ Իսրայելը երախտապարտ է այն ինը երկրին, որոնք դեմ են քվեարկել հանձնաժողովի ստեղծման բանաձևին: Այն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, բայց Իսրայելը հրաժարվում է համագործակցել հանձնաժողովի հետ:
Գազայի հատվածի վրա Իսրայելի վերջին գրոհները, որոնց ժամանակ ավելի քան 200 պաղեստինցի սպանվեց, կարող են ճանաչվել «ռազմական հանցագործություններ», եթե ապացուցվի, որ դրանք անհամաչափ են՝ ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի պաշտոնյան: