Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր գլխավոր տնօրեն ունի։ Այդ պաշտոնում նշանակվել է Գերմանիայի քաղաքացի Պարագ Յոհաննես Բհատը. այդ մասին
հաղորդում է պղնձամոլիբդենային կոմբինատը։
Մինչ այս նշանակումը ընկերության գլխավոր տնօրենը Մհեր Պոլոսկովն էր, որի լիազորությունները դադարեցվել են մայիսի 25-ից։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Պոլոսկովը այդ պաշտոնում էր 2015-ից: Նա Ռուսաստանի քաղաքացի է, ավարտել է Ֆրանկֆուրտի տեխնիկական համալսարանը։ Տնօրենի պաշտոնից դուրս գալուց հետո Պոլոսկովը դարձել է կոմբինատի խորհրդի անդամ։ Խորհրդի անդամ է նաև նորանշանակ տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը։
Պոլոսկովը, բացի ԶՊՄԿ կառավարման մարմիններում ունեցած ներգրավվածությունից, նաև կոմբինատի 7.5 տոկոսի բաժնետերն է։ Դա արտացոլված է նաև ընկերության իրական սեփականատերերի ռեեստրի
տվյալներում։ 7.5 տոկոսի բաժնետոմսերը Պոլոսկովը ձեռք է բերել 2018 թվականին։
Պոլոսկովը հիմնել ու բաժնետեր է եղել նաև «Հելիոս ինվեսթմենթս» ընկերությունում, որի կանոնադրական կապիտալը 500 միլիոն դրամ է, և որը, ըստ հարկ վճարողների փնտրման համակարգի, զբաղվում է ձեռնարկատիրական խորհրդատվական գործունեությամբ։ «Հելիոս ինվեսթմենթսը» գրանցված է Երևանի Աբելյան 6/1 հասցեում, որտեղ տեղակայված է նաև IT պարկ բիզնես կենտրոնը։
Կոմբինատի նոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը ևս եղել է ընկերության խորհրդի անդամ 2016-ից։ Նա հանքարդյունաբերական ընկերություններում աշխատանքի փորձ ունի: Ըստ
Bloomberg-ի՝ Բհատը ավարտել է Գերմանիայի Շտուտգարտի համալսարանը։ Նա նախագահն է Ավստրալիայում գործող CMA Corp LTD ընկերության, որն զբաղվում է ջարդոնի և այլ ռեսուրսների վերամշակմամբ, մատակարարմամբ ու արտահանմամբ, ինչպես նաև բնական պաշարների կառավարմամբ։ Հիմնվել է 1973-ին, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Սիդնեյում։
Մյուս ընկերությունը, որում Պարագ-Յոհաննես Բհատը ներգրավված է, գերմանական Scholz AG-ն է, որը մետաղի վերամշակմամբ զբաղվող խոշոր ընկերություն է։ Այս ընկերությունում նա կառավարման խորհրդի անդամ է, բացի դրանից՝ գերմանական մեկ այլ՝ Incomet capital GMBH ընկերության գործադիր տնօրենն է։ Այս ընկերությունը լեռնահանքային ոլորտի մասնագիտացված ներդրումային ընկերություն է, երկարաժամկետ ներդրումների խորհրդատվություն տրամադրող։
Սա միակ փոփոխությունը չէ պղնձամոլիբդենային կոմբինատում. ըստ ԶՊՄԿ կայքի համապատասխան հաշվետվության՝ 2020-ի նոյեմբերի 6-ին կոմբինատի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով է գումարվել, ու քննարկվել է բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրերում փոփոխություն մտցնելու հարցը, որոշվել է հավանություն տալ «Մաքուր երկաթի գործարանից» ու «Քրոնիմետ մայնինգից» ԶՊՄԿ-ի գնած բաժնետոմսերը գրավադնելու հարցին։ Այս երկու ընկերությունների բաժնետոմսերը կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի ավելի քան 72 տոկոսն են կազմում։ Թե կոնկրետ ինչ ժամկետով, ինչ պարտավորությունների համար են նոր միջոցներ փոխառվել՝ դեռևս հայտնի չէ։