Արված առաջարկով փորձ է արվում թուլացնել ստեղված լարվածությունը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսպես է արձագանքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ երեկ անվտանգության խորհրդի նիստին արած հայտարարությանը: Մարուքյանի գնահատմամբ՝ իրավիճակն այնքան լարված է, որ ամեն պահ կարող է դուրս գալ վերահսկողությունից և վերածվել փոքր կամ մեծ պատերազմի:
Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Եթե, օրինակ, միջազգային հանրությունն ասում է, որ կգանք, կկանգնենք այդտեղ, դիտորդներ կտանք, որ նոր էսկալացիա չլինի, ու հանկարծ Ալիևը հրաժարվի, ապա ինքը կհայտնվի վատ վիճակում: Փաստ չէ, որ Ալիևը կհամաձայնի, բայց սա մեր կողմից առաջարկ է՝ արվածության թուլացմանը միտված:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող պայթյունավտանգ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ առաջարկեց Ադրբեջանի նախագահին պայմանավորվել, որպեսզի երկու կողմերից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող դիտորդներ, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։ Մարուքյանը շեշտում է՝ Փաշինյանի առաջարկը նոր չէ, այն շատ է քննարկվել:
Էդմոն Մարուքյան - Սրա նման մի լուծում տրված է նաև Գորիսից Կապան ճանապարհի մի հատվածում, որտեղ 4 կմ ադրբեջանական դրոշ է դրված: Եթե համաձայնեն, միջազգային դիտորդներ կգան և կհետևենք, որ լարվածություն չլինի, մինչև խնդիրները կարգավորվեն:
Փաշինյանն առաջարկն արեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից վերադառնալուց հետո: Հենց այս մարզի սահմանային հատվածում ինժեներեկական աշխատանք կատարելիս երեկ ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծաղայողի: Քաղաքական տարբեր շրջանակների կողմից հնչում են քննադատություններ, որ վարչապետի պաշտոնակատարի՝ լարվածության թուլացմանն ուղղված առաջարկը հակապետական քայլ է: Մարուքյանը, մինչդեռ, պնդում է՝ բանավոր արված այդ առաջարկը հայկական կողմի համար որևէ ռիսկ չի պարունակում:
Իսկ ի՞նչ կլինի, եթե ադրբեջանական կողմը մերժի Փաշինյանին: Մարուքյանի կարծիով՝ հայկական կողմն այդ դեպքում պետք է նոր սցենար մտածի: Ընդդիմադիր պատգամավորն այս փուլում կարևորում է նաև միջազգային հանրության հետ ճիշտ աշխատանքը: Շեշտում է՝ հայկական կողմի ուղերձները պետք է հասցնել նրանց:
Անվտանգության խորհրդի նիստին ներկա «Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանը «Լուրերին» փոխանցեց, որ արված առաջարկի վերաբերյալ ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը դեռ հստակեցված չէ: