Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 1-ին կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու Օլիմպիական վարկանշային մրցաշարի: Սա 2020 թվականի մարտ ամսին Լոնդոնում անցկացված և համավարակի պատճառով հետաձգված մրցաշարի շարունակությունն է:
Հավաքականը կմեկնի նույն կազմով, ինչ նախորդ տարի: 52 կգ քաշային կարգում իր ուղեգիրն արդեն նվաճած Կորյուն Սողոմոնյանը կպայքարի մրցաշարում հաղթող դառնալու համար: Տղաներից Օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աղջիկներից կմասնակցի 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Բռնցքամարտի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում»: Մարզումներն ընթանում են մրցումների ծրագրին համապատասխան: Հավաքականում վնասվածքներ չկան, բռնցքամարտիկներն իրենց լավ են զգում: Մարզչի կարծիքով՝ բոլորն էլ ունեն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն: