Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց բանաձև: Խորհրդարանը դաշնային կառավարությանը կոչ է անում համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ աջակցելու Ադրբեջանում մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը և անվտանգ վերադարձի ապահովմանը՝ որպես 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային կոնվենցիաների համապատասխան դրույթների լիարժեք կատարում։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, բանաձևի հեղինակներից Էլս Վան Հուֆի խոսքով՝ կարևոր է, որ բանաձևը հաստատվեց միաձայն աջակցությամբ, ինչը խոսում է հարցի հրատաապության և կարևորության մասին։
Էլս Վան Հուֆ, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ - Ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելը ոչ միայն հրադադարի մասին հայտարարությունը կնքած երեք կողմերի միջև պայմանավորվածություն է, այլ նաև Ժնևի կոնվենցիայի կարևոր դրույթ։ Human Rights Watch-ի զեկույցը մեզ խոր ցավ է պատճառել։ Հստակ պահանջում ենք, որ Կարմիր խաչը կարողանա այցելել կալանավորվածներին: Ամբողջ միջազգային հանրությունը միաբերան պահանջում է, որ Ադրբեջանն ազատ արձակի հայ գերիներին։ Ժամանակն է, որ ականջալուր լինեն։
Բանաձևը խստորեն դատապարտում է Ադրեբջանի կողմից հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը և պահանջում ադրբեջանական իշխանություններից, որ քննության առնեն այդ բոլոր դեպքերը և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։
Միշել դե Մեգդ, Բելգիայի դաշնային պատգամավոր - Այս և նմանատիպ բանաձևերը կենսական նշանակություն ունեն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջականան կողմից շոշափելի քայլեր և դրանց արդյուքները չկան։ Նրանք պահում են ոչ միայն ռազմագերիներին, այլև քաղաքացիական անձանց և ահաբեկիչ կոչելով՝ այդ կերպ փորձում խուսանավել միջազգային նորմերից և պատասխանատվությունից։ Պետք է շարունակենք ճնշում բանեցնել ադրբեջանական իշխանությունների վրա՝ կիրառելով Ժնևի կոնվենցիան և միջազգային նորմերը։ Բանաձևով միաձայն մեր հստակ պահանջն ենք ներկայացնում Բելգիայի կառավարությանը, որ նրանք էլ համապատասխան այլ գործընկերների՝ օրինակ Եվրոպական խորհրդի հարթակում բարձրաձայնեն հարցի կարևորության մասին։
Միշել դե Մեգդն ասում է՝ այս բանաձևում անմիջական մասնակցություն և աջակցություն է ունեցել, քանի որ անհանդուրժելի է համարում, որ ադրբեջանական ուժերը, խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը, 3.5 կմ առաջ են եկել։ Բանաձևում Բելգիայի կառավարությանը հստակ կոչ է արվում հետևյալ կետերը դարձնել Ադրբեջանի հետ երկխոսության օրակարգային հարցեր։
«Պահանջել Ադրբեջանի կառավարությունից դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հաստատապես պնդել, որպեսզի Եվրոպական Միությունը և անդամ պետությունները նույնպես նպաստեն վերը նշված դրույթների և միջոցառումների լիարժեք իրագործմանը»:
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական ագրեսիայի ծանր և տագնապալի հումանիտար հետևանքների վերացումը դեռևս պահանջում է միջազգային կառույցների ներգրավումը և հրատապ աջակցությունը, բելգիացի պատգամավորները շարունակում են հարցի մասին բարձրաձայնել ամեն առիթով։
Մինչև այս բանաձևի ընդունումն օրեր առաջ պատգամավոր Անդրե Ֆլաոն ելույթի ժամանակ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կռուին հիշեցրել էր հարցի կարևորությունը մարդասիրական տեսանկյունից և հարցադրում արել, արդյոք Բելգիան պատրաստվում է Եվրոպական խոհրդի հաջորդ նիստի օրակարգային հարցերի առաջարկների շարքում ընդգրկել նաև օրհասական այս խնդիրը։ Այսպիսով՝ Բելգիայի ներկայացուցիչների պալատը 139 կողմ ձայներով հաստատած բանաձևով ևս մեկ անգամ հստակ կոչ արեց կառավարությանը հայ ռազմագերիների հարցը դարձնել առաջնային։