Այսօր կարող ենք ոչ միայն պատերազմից խուսափել, այլև այս իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի: Սա իմ հստակ դիրքորոշումն է՝ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ՔՊ համակիրների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը:
Ըստ նրա՝ սահմանների ճշգրտման հարցն այսօր պարզ, միաժամանակ բարդ է:
«Քաղաքական առումով պարզ, գործնական առումով բարդ հարց է, բայց աշխարհը դրա ձևը գիտի»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով ԱԽ երեկվա նիստում միջազգային հանրությանը, ՌԴ-ին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ուղղված իր առաջարկը:
«Առաջարկում ենք՝ եկեք Սոթքից Խոզնավար զորքերը հետ քաշենք, տանենք մշտական տեղակայման վայրեր, թող գան միջազգային դիտորդներ կա՛մ ՌԴ-ից, կա՛մ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից: Եվ միջազգային հովանու ներքո հանենք փաստաթղթերը, տեսնենք՝ սահմանը որտեղով է անցնում, և սահմանազատում անենք»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, թե Ադրբեջանն ու հայաստանյան որոշ ուժեր ուզում են պատերազմ հրահրել:
«Մենք համաձայն չենք դրա հետ ու չենք համաձայնվելու դրա հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀ-ում կատարվողը ազգային-ազատագրական պայքար է հանուն պետականության, ինքնիշխանության, անկախության: