«Պուտինի հետ Բայդենի հանդիպման նախօրեին ԱՄՆ-ը տեղեկացրել է Ռուսաստանին, որ մտադիր չէ վերադառնալ Բաց երկնքի պայմանագրին»,- հաղորդում է Associated Press-ը:
AP-ն, վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյաներին, հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանն այդ մասին տեղեկացրել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին:
Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 պետությունների ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել է 2001 թվականի մայիսի 26-ին: Պայմանագրի անդամները կարող են թռչել միմյանց տարածքներով՝ ռազմական գործողությունները վերահսկելու համար:
2020-ի մայիսի 21-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց պայմանագրից դուրս գալու որոշման մասին: Նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության համաձայն՝ այդ քայլի պատճառը դիտորդական թռիչքների նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումներն էին, այդ թվում ՝ 500 կմ-ով օտարերկրյա տեսուչների թռիչքների սահմանափակումը Կալինինգրադի մարզում, ինչպես նաև «Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանի 10 կիլոմետրանոց միջանցքում դիտորդական թռիչքներ իրականացնելու մերժումը»:
Ռուսաստանը հերքել է ԱՄՆ պնդումները: 2021 թվականի հունվարի 15-ին էլ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Մոսկվան սկսում է պայմանագրից դուրս գալու ներքին ընթացակարգեր: Մայիսի 19-ին կայացած նիստում Պետդուման միաձայն կողմ է քվեարկել պայմանագիրը չեղյալ հայտարարելուն: