Մայիսի 28-ը Հայաստանի ազգային տոնացույցում նշվում է որպես Հանրապետության օր: 1918-ի հենց այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
Պետության ստեղծումը հայ ազգի համար ծանրագույն ժամանակահատվածում իսկական հրաշքի էր նման: Աշխարհն արդեն Հայաստանը ջնջել էր քարտեզից: Աշխարհում արդեն տիրում էր այն մտայնությունը, թե այլևս Հայաստան չի լինելու:
Աշխարհը չէր հավատում, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը թուրքական բազմահազարանոց բանակի դեմ պատերազմելու, չպարտվելու և հերոսամարտերով ինքնիշխանություն նվաճելու ուժ կգտնի:
Իսկ հայ ազգը վճռական «այո՛» ասաց գոյության իրավունքին: Ծանր մաքառումների գնով՝ Բաշ Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց պետականությունը: