Քովիդից ու պատերազմից հետո Հայաստանի ներքին տուրիզմը ոտքի է կանգնում: Միայն ապրիլին ներգնա տուրիզմի թվերը հատել են 42.000-ի սահմանը: Որ ոլորտն արագ զարգանա, բիզնեսն էլ չտուժի, աշխատել է պետք:
Ալֆրեդ Քոչարյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար - Կարծում ենք, որ սա կարող է լավ խթան լինել ներքին զբոսաշրջության համար, քանի որ մարդիկ գալիս են, տեսնում ինչ կա մարզերում, շատ անգամ մարդիկ չգիտեն՝ որտեղ, ինչ կա և տեսնելով, հավանելով ուզում են ճանապարհորդել:
Մարզային 14 տաղավարից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Տուրիստին գրավելու համար այստեղ մտածել են ամեն բան. մեկում հայկական ավանդական ուտեստներն են, մյուսում՝ խոսող գինիներն ու իր տեսակի մեջ միակ՝ վարդի պաղպաղակը: Սյունիքի տաղավարում ակտիվ եռուզեռ է.
Շուշանիկ Ներսիսյան - Սյունիքի տաղավարում այս պահին տեսնում եք տարբեր հնարավորություններ՝ սկսած արկածային տուրիզմի զարգացումից մինչև գաստրո ծառայություններ: Մեր տաղավարում, ինչպես տեսնում եք, կան նաև Սյունիքի այլ բարիքներ՝ գաթաներ, թեյեր, որոնք արդի են մեր մարզի համար:
Անդրեա Վիկտորին, Հայաստանում ԵՄ դեսպան - Ես հասցրել եմ լինել Հայաստանի մարզերում, Լոռիում, նաև Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման եմ մասնակցել: Ձեր բնությունը չքնաղ է:
Մեր զբոսաշրջային պոտենցիալին, բերք ու բարիքին ծանոթանալու եկած ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշում է, թեև 2020 թվականը ծանր էր ամբողջ աշխարհի, բայց ավելի դժվար էր Հայաստանի համար:
Անդրեա Վիկտորին - Եվ ժամանակն է, որ մենք առաջ անցնենք և զարգացնենք զբոսաշրջության ոլորտը: ԵՄ-ի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Կորոնավիրուսի հետևանքով մեր երկրում զբոսաշրջության ոլորտն ամենալուրջ անկումն է գրանցել՝ 80 տոկոս: Հիմա տուրիստական հոսքը վերականգնվում է: Ֆրանսիայից ժամանած Սեմին սիրահարված է ոչ միայն իր հայուհի կնոջը, այլև Հայաստանին.
«Ես սիրում եմ Հայաստանի մարդուն, Հայաստանի մշակույթն ու բնությունը: Շատ երկրներում եմ եղել, բայց ամեն անգամ նորովի եմ վայելում այս երկրի բարենպաստ եղանակն ու բարեկամ մարդկանց ջերմ վերաբերմունքը»,- ասում է նա:
Առաջին անգամ անցկացվող «Ճանաչիր Հայաստանը» մարզային ցուցահանդեսի միջոցով ներքին զբոսաշրջիկներին գրավելուց բացի Զբոսաշրջության կոմիտեն նաև աշխարհին է փորձում ներկայացնել մեր ներուժը: Հայաստանն օրեր առաջ ներկայացված էր նաև ATM Dubai Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որին մասնակցում էին 62 երկրի խոշոր զբոսաշրջային ընկերություններ: