Երբ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը հայտնվեց Կաննի կինոփառատոնի մեծ էկրանին, խորհրդային կինոյի շատ վարպետներ երազել միայն կարող էին նման ճանաչման ու գնահատանքի մասին: Դովլաթյանն արդեն անցել էր ժամանակի մեծ կինոդպրոցը՝ մոսկովյան կինոինստիտուտը, սովորել էր ամենանախանձելի արվեստանոցում՝ Սերգեյ Գերասիմովի մոտ: Ազգային կինոյի մեծ վարպետն ստեղծեց կինոհերոսի իր՝ դովլաթյանական տեսակը:
Ռեժիսորի ծննդյան օրը Հայաստանի կինոմիությունը ներկայացրել է նրան նվիրված գիրքը, որն ընդամենը օրեր առաջ է դուրս եկել հրատարակչությունից: Գրքի հեղինակներին՝ Վալերիա Օլյունինաին և Պավել Ջանգիրովին, ոգեշնչել է ոչ միայն Դովլաթյանի բազմաշերտ տաղանդն ու մեծ կինոգեղագիտությունը, այլև նրա հավատարմությունն իր հայկական ինքնությանը:
Վալերիա Օլյունինա, «Ֆրունզե Դովլաթյան. հալոցքի ավարտին» գրքի համահեղինակ - Նա Կաննում օվացիաների արժանացավ հենց հայկական ֆիլմով, «Հայֆիլմի» փայլուն կինոգործիչների կազմով, այսինքն՝ նրա համար հայկական ինքնությունը միշտ է առանցքային:
Գրքում շատ են ռեժիսորի մասին բացահայտումները, վերծանվել են հազարավոր արխիվային փաստաթղթղեր, բացահայտվել են կյանքի անհայտ փաստեր:
Գրքի շնորհանդեսին ներկայացվեց նաև առ այսօր չցուցադրված վավերագրական կինոնկարը. «Ֆիլմ՝ ֆիլմի մասին»՝ «Մենավոր ընկուզենու» նկարահանման ընթացքն է, որ դարձյալ մեծ կինոյի պատմություն է: