ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Կողմ քվեարկեց 74, դեմ՝ 5 պատգամավոր:
Նախագծի նպատակը ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է:
Ներկայումս Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից որպես հարկային գործակալ եկամտային հարկ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա` խոչընդոտելով համակարգի զարգացումը: Կառավարությունն ակնկալում է, որ փաթեթի ընդունումը կվերացնի Trade-in համակարգի զարգացումը խոչընդոտող հարկային կարգավորումները: