Մայիսի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Արծվաբերդի անտառներից փայտանյութով բեռնված առանց համարանիշերի մի բեռնատար է գնում դեպի Ճամբարակ:
Անհետաձգելի միջոցառումներով «Հորիզոնի աղբյուր» կոչվող հանդամասից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերել են Ճամբարակ քաղաքի 48-ամյա բնակչի 6 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան։
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ «Հորիզոնի աղբյուր» կոչվող հանդամասում ծառեր է ապօրինի հատել։ Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նույն օրը, դարձյալ «Հորիզոնի աղբյուր» հանդամասում, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ստուգել են Թթուջուր գյուղի 52-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան։ Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ հանդամասից ապօրինի ծառեր է հատել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հիշյալ դեպքերով նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: