Մատղաշ, հողից մի քիչ բարձրացած ծնեբեկի բերքահավաքը Տեղ գյուղի սարերին է: Գուրմանների սիրելի ծիլերը քաղելու խիստ կանոններ կան, պարզվում է:
Կին թե տղամարդ՝ բույսով զամբյուղները լցնելուց հետո մտքերով խոհանոցում են․ համեղ կերակուրներ է, որ կպատրաստեին կանաչ ցողուններից:
Ծնեբեկից նաև անմահական կոտլետ է ստացվում, չորացրած-աղացած փոշուց՝ կլոր տարին սուպ-պյուրե: Բույսի նույնիսկ կոշտ հատվածները պետք չէ դեն նետել՝ հյութեղ մասն առանձնացնելով խորհուրդ է տալիս ֆերմեր Սամվելը:
Ախորժակով ծնեբեկ ուտող Սամվել Դավթյանն է՝ Սյունիքի այս դաշտի տեր-տիրականը: Բիզնեսն ընտանեկան է: Սեզոնին աշխատանքով ապահովում են 23 մարդու: Քաղհանի համար ևս 10 գործ անողի կարքի կա: Չարչարանքը քիչ չէ, բայց արժե. եկամտից գոհ են:
Սամվել Դավթյան («Դավթյան ֆարմս» ընկերության գյուղատնտես) - Սկզբում շատ ծախսատար ա, կարող ա 3-4 տարուց մտնի բերքի տակ: Բայց շատ ինքը որպես բարձրաժեք մշակաբույս՝ արդեն շահավետ ա համարվում: 15-20 տարի կարողանում ենք բերքատվություն կատարել՝ 2.5 ամիս:
Այգին մշակում են առանց մի գրամ թունաքիմիկատի: Օրգանիկ սերտիֆիկացում են անցել, ինչը թույլ է տալիս ապրանքն ավելի թանկ վաճառել: Կաթիլային ոռոգման ու ագրարային ժամանակակից լուծումների էֆեկտը զգացին հատկապես պատերազմից հետո, երբ սահմանամերձ գյուղում անասուն պահել-արոտի տանելը խնդիր դարձավ: Այստեղ արդեն բոլորն են ստիպված... քիչ հողից շատ փող վաստակելու ճանապարհ գտնել՝ ասում է ֆերմերը:
Սամվել Դավթյան - Հիմա մարդիկ պիտի մտածեն զբաղվել բարձրարժեք մշակաբույսով՝ բրոկոլի, ծնեբեկ, անփուշ մոշ, մալինա:
Ծնեբեկը, օրինակ, իրենք, արդեն կարողանում են նաև հետագա վաճառքների համար պահել: Այն, ինչ թարմ չի իրացվելու, մինուս 40 աստիճանի տակ տեղում խոր սառեցնում են, տեղափոխվում հարևան խցիկ:
Այստեղ վարպետ Սամվելի գործն ավարտվում է: Մնացածն ընտանեկան բիզնեսում տղաների պարտականությունն է։ Մարքեթինգով Դավիթն է զբաղվում։ Ծնեբեկը Սյունիքից Երևան տեղափոխելը որդիներից Սերգեյի վրա է: Ապրանքը հանձնում է լոգիստիկ կենտրոն․ գյուղմթերքի իրացման կազմակերպումը՝ պատվերը լինի տեղական շուկայի սպառողից, այս կամ այն ռեստորանից, թե արտահանմանից, այստեղից են կազմակերպում` ներկայացնում է ընկերության տնօրենը։
Արթուր Մուրադյան (ICE HOUSE ընկերության տնօրեն) - Իրականացնում ենք ներքին շուկայում մինչև վերջնական սպառող՝ հասցնում ենք գյուղմթերքը թարմ վիճակում, ինչպես նաև կատարում ենք արտահանման համար նախատեսված բոլոր աշխատանքները՝ փաթեթավորում-պիտակավորում-պալետավորում:
Սառնարաններում հիմա՝ առաջիկա չվերթին է սպասում ծնեբեկի հերթական խմբաքանակը․ ուղղությունից կախված՝ բեռներն առաքում են և՛ օդանավով, և՛ բեռնատարով՝ Լարսով։ Ագրարային բիզնեսի ներկայացուցիչը հպարտանում է՝ Տեղ գյուղում աճեցրած իրենց ապրանքի 80 տոկոսն արդեն արտահանվում է ռուսական շուկա։
Սերգեյ Դավթյան («Դավթյան ֆարմս» ընկերության համասեփականատեր) - Շաբաթը երեք անգամ բեռ է ուղարկվում ՌԴ՝ հիմնականում Մոսկվա, Սոչի, Կրասնոդար, Պիտեր: Oրգանիկ սերտիֆիկացումից հետո հետաքրքվել են նաև Դուբայից, Սինգապուրից, ԵԱՏՄ-ից՝ Ղազախստանից:
Պատվերին զուգահեռ խնդիրը ցանքերն ավելացնելն է: