Առաջինը մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել, քանի որ ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի ոգևորվում է: Մենք պետք է ցույց տանք, որ, անկախ ներքին տարաձայնություններից, մեր պատասխանն իրենց լինելու է համախմբումը: Այդ մասին Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Երևանից մինչև Կութ գյուղ՝ մեր բոլոր զոհերի, գերիների ընտանիքները, սահմանապահ գյուղերի բնակիչները, մի ընտանիք ենք, որևէ սասանում չպիտի լինի: Այս իրավիճակում պետք է սթափություն, հավասարակշռություն, եթե դրանք կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել և ճիշտ որոշումներ կայացնել: Տեղեկատվության մեջ թացը չորից պետք է կարողանալ տարբերել, զոհ չդառնալ տեղեկատվական պատերազմի և հնարքի»,- ասաց Փաշինյանը:
Նա շարունակեց. «Ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով՝ ասում եմ՝ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունը ստվերային, մութ գործարքների, դավադրությունների մեջ է, այդպիսի բան ի բնե լինել չի կարող: Չպետք է կորցնենք մեր հաստատակամությունը, պետք է հստակ կանգնենք մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր քաղաքացիության դիրքերում: Չպետք է էմոցիոնալ քայլեր անենք, պետք է վերլուծենք, հասկանանք՝ ինչ է տեղի ունենում:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում. մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, պետությունը, հայրենիքը:
Ինչո՞ւ չի կարգավորել ԼՂ հակամարտությունը: Քանի որ ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնել է Հայաստանը, չի համաձայնել Ադրբեջանը՝ փորձելով ավելի մեծ զիջումներ կորզել:
Հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, այստեղ այլ կարծիք լինել չի կարող, չի կարող լինել նաև զիջման մասին խոսք: Սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինուժը պետք է դուրս գա մեր տարածքից:
Այսօր մենք դիվանագիտական եղանակով պետք է այս օրակարգը առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ ձևակերպենք: ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան, Հնդկաստանը և այլ երկրներ ընդունում են, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանի զինուժը պետք է դուրս գա, Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև՝ հստակ արձանագրելով այդ փաստը:
Մենք պետք է հետևողական, հավասարակշռված, հաստատակամ, ոչ նյարդային քայլերով հասնենք նրանց՝ մեր տարածքից դուրս գալուն: Էլի եմ խնդրում՝ չհավատալ, որ այստեղ որևէ դավադրություն կա»:
Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց համայնքի բնակիչներին, որ զինծառայողների գերեվարման դեպքը տեղի է ունեցել ինժեներական աշխատանքների ընթացքում՝ նշելով, որ նրանք գերեվարվել են մեր տարածքում և անհապաղ պետք է վերադարձվեն: