Ազգային ժողովը մայիսի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օտարերկրացիների, պետական տուրքի և սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների և ՀՀ աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։
Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը, այդպիսով՝ հնարավորություն է ստեղծվում ունենալ ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների ամբողջական պատկերը, ինչը կարևոր է ինչպես անկանոն միգրացիայի կանխարգելման, այնպես էլ այդ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Ներկայացված փաթեթի ընդունման արդյունքում.
1. Ստեղծվում է օտարերկրյա աշխատողների գրանցման միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալու միաժամանակյա հասանելիություն ապահովել աշխատանքի թույլտվության գործընթացում ներառված բոլոր պետական մարմինների համար՝ կրճատելով գործընթացի վրա ծախսվող ժամանակը և բարելավելով վարչարարությունը:
2. Պարզեցվում է աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը։ Ներկայումս աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է գործատուին, իսկ դրա հիման վրա արդեն աշխատողն ստանում է կացության կարգավիճակ։ Առաջարկվող կարգով աշխատանքի թույլտվությունն իրենից ներկայացնելու է էլեկտրոնային հարթակում տրվող հաստատում, որի հիմքով օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Արդյունքում՝ կրճատվում է վարչարարությունը, թեթևանում թե՛ գործատուի և թե՛ օտարերկրացու բեռը:
3. Հստակեցվում է ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքային գործունեությունը կարգավորող նորմերի կիրարկումը:
4. Հստակեցվում են աշխատանքի թույլտվության տրամադրելու հարցում պետական լիազոր մարմնի, ինչպես նաև գործընթացում ներառված մյուս մարմինների գործառույթները:
5. Հնարավորություն է ստեղծվում հավաքագրել ամբողջական վիճակագրական տվյալներ, այդ թվում՝ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ։
Փաթեթում նշված մի շարք գործընթացներ առավել դետալային կարգավորման են ենթարկվելու ՀՀ կառավարության որոշումներով, ինչն էլ կառավարությանն առավել մեծ ճկունություն է տալու միգրացիոն հոսքերի կառավարման հարցում: