Գեղարքունիքի հատվածում լարված իրավիճակը գագաթնակետին է հասել առավոտյան 5-ին: Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանի հաղորդմամբ՝ Հայաստանի տարածք ներթափանցած հակառակորդի ստորաբաժանումները փորձել են ուժերը միավորել և ավելի նպաստավոր իրավիճակ ստեղծել իրենց համար: Այդ իսկ պատճառով հայկական կողմը որոշել է մեկ նոր մարտական դիրք ավելացնել, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները: Արդյունքում ադրբեջանական ուժերը շրջափակել են գործողություն իրականացնող հայկական խումբը և գերեվարել 6 հայ զինծառայողի:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հրապարակել էր գերի ընկած հայ զինծառայողների անունները. պայմանագրային զինծառայողներ Ա. Աբգարյան, Ի. Սարգսյան, Բ. Օհանյան, Ա. Բուդոյան, Վ. Սարգսյան, Վ. Ռաֆայելյան: Բանակցությունները շարունակվում են ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ: Ադրբեջանական կողմին ի սկզբանե տրվել էր մեկ ժամ հայ զինվորներին վերադարձնելու համար, սակայն վերջնաժամկետը որոշվել է երկարացնել, քանի որ Բաքվում այժմ խորհրդակցություններ են ընթանում՝ նշեց Էդվարդ Ասրյանը:
ԳՇ պետի տեղակալի հավաստմամբ՝ հայկական ուժերը տարբեր ուղղություններով շարունակում են շրջափակման մեջ պահել հակառակորդի ստորաբաժանումները: Եվ կա հնարավորություն՝ գերի վերցնել ադրբեջանցի զինվորականներին: Սակայն նման քայլի դիմելու պարագայում այդ գործընթացը կարող է տարբեր հաճախականությամբ կրկնվել երկուստեք: Երևանում ցանկանում են գտնել խնդրի քաղաքական լուծումը:
Հայաստանի տարածքում հակառակորդի զինվորականների քանակը չի գերազանցում հազարը: Այդ ուժերը ունակ չեն կատարել լուրջ առաջադրանքներ: Եվ Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են համապատասխան հրամանի դեպքում ոչնչացնել կուտակված և տեղակայված ստորաբաժանումները՝ հայտարարեց Գլխավոր շտաբի պետի տեղակալը:
Գեղարքունիքի ուղղությանը զուգահեռ լուրեր են տարածվել նաև Տավուշում լարվածության և հրաձգության մասին: Կրակոցներ եղել են, հիմնականում՝ օդ, մի քանիսը՝ դիրքերի ուղղությամբ, սակայն իրավիճակն այժմ կայուն է: Ինչ վերաբերում է լարված գոտիներում դեպքերի հնարավոր զարգացումներին, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի խոսքով՝ Զինված ուժերը հասցրել են վերականգնվել պատերազմից հետո և պատրաստ են բոլոր սցենարներին: