Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման նպատակով:
Ըստ այդմ՝ նախատեսվում է ավելացնել «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումներով հատկացված միջոցները:
Մասնավորապես, «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումը առաջարկվում է ավելացնել 800 մլն դրամով: Ավելացումն ուղղվելու է քիմիաթերապիայի ծառայությունները պացիենտներին ավելի մատչելի ու հասանելի դարձնելու նպատակով:
«Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումն առաջարկվում է ավելացնել 300 մլն դրամով՝ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման դեպքերի քանակի ավելացմամբ պայմանավորված: