Մեկ շաբաթ է՝ Արմավիրն արթնանում է մուրճերի ձայնից: Քանդակագործների վարպետաց դպրոցի սաները քաղաքի զբոսայգում մինչև մութն ընկնելը տաշում են, քերում, կոկում, քարի հետ կռիվ տալիս, որ կարծր նյութին կենդանություն տան ու դրա միջոցով փոխանցեն ասելիքը: Երիտասարդ քանդակագործի «Ընթերցասերը» արձանը համացանցի ու գրքի պայքարի մասին է, որտեղ հաղթողը գիրքն է:
Բենիամին Ավանեսյան (քանդակագործ) - Ավելի լավ է՝ ինտերնետից դուրս գան:
Երիտասարդ քանդակագործների սիմպոզիումն Արմավիրում քաղաքապետի հրավերով է: Տեղի իշխանությունը հավանություն է տվել հատկապես երիտասարդ արվեստագետների մասնակցության փաստին:
Վարշամ Սարգսյան (Արմավիրի փոխքաղաքապետ) - Քաղաքաշինության համար միայն ասֆալտապատում ու շինարարություն անելով չես կարող քաղաքը քաղաքին նմանեցնել, այդ պատճառով որոշվեց ու կյանքի կոչվեց այս ծրագիրը:
Քարի անմշակ բեկորներն իրենք են հուշել, թե ինչ կերպար ու պատկեր ստանալ: Վարպետների դպրոցի ղեկավարի մեկ հայացքն էլ բավական է անմշակ քարի մեջ սեր, նվիրում ու հաղթանակ ուրվագծելու համար:
Ռուբեն Նալբանդյան (քանդակագործ) վարպետ - Ամեն քարը հուշեց, թե ինչ քանդակենք: Մենք ունեինք 15-20 էսքիզ, համապատասխանեցրինք քարի ձևին:
Երիտասարդ քանդակագործները մշակութային աշխուժություն են բերել քաղաք: Մեկ-երկու օրից աշխատանքները կավարտվեն: Քանդակներն ու գեղանկարները վարպետաց դպրոցը կնվիրի Արմավիրին: Պատասխանատվությունը մեծ է հատկապես հանրությանն առաջին անգամ ներկայացողների համար:
Արփի Մարկոսյան - Տանը նստելով՝ ոչ մի բանի չես հասնի, նման բաների մասնակցելը պետք է:
Միջոցառումը Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առիթով է: Ստեղծագործությունները կցուցադրվեն մայիսի 28-ին, որից հետո կտեղափոխվեն Արմավիրի տարբեր թաղամասեր ու կտեղադրվեն նախապես որոշված վայրերում: