Մայիսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՀՀ Գլխավոր շտաբի օպերատիվ արձագանքման վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։
Ավետ Ադոնցը ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի գերեվարմանը։
Գնդապետ Կարապետյանը ներկայացրեց դեպքի մանրամասները՝ նշելով, որ գերեվարված ՀՀ ԶՈՒ զինծառայողները չեն հատել ՀՀ պետական սահմանը և գերեվարվել են ՀՀ պետական սահմանից 800 մետր խորության վրա։
Ավետ Ադոնցը նշեց, որ Հայաստանն ակնկալում է գործընկեր և բարեկամ երկրների անհապաղ և հասցեական արձագանքը և գործուն միջամտությունը, այդ թվում՝ Ադրբեջանի վրա անմիջական ազդեցությունը՝ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ անհապաղ դադարեցնելու և իր զինված ուժերը մայիսի 10-ի դրությամբ ելման դիրքեր վերադարձնելու համար: «Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ցանկացած գնով պաշտպանելու և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- ավելացրեց ԱԳ նախարարի տեղակալը։