Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Շնորհավորելով Ալֆոնսո դի Ռիզոյին նշանակման կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում։
Դեսպան Դի Ռիզոն իր հերթին կարևորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ներկայացնելով Հայաստանում իր ապագա գործունեության հիմնական գերակայությունները։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Մասնավորապես, ԱԳ նախարարի տեղակալը դեսպանի ուշադրությունը հրավիրել է ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունների վրա՝ ակնկալելով գործընկեր երկրների առավել ակտիվ և հասցեական արձագանքը։
Ավետ Ադոնցը ներկայացրել է նաև Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, հրատապ խնդիրների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և մտահոգություն հայտնել Ադրբեջանի կողմից մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ: