Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում սերմ ներմուծած և սերմերի ներմուծման ավելացված արժեքի հարկով հարկվող տնտեսվարողների համար տարբերակված աջակցություն հատկացնելու նպատակով։
Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակում սերմ ներմուծած և սերմերի ներմուծման ավելացված արժեքի հարկով հարկվող տնտեսվարողներին կտրամադրվի 1 կգ-ի հաշվով լրացուցիչ 20 դրամ։ Համապատասխան որոշման ընդունման կապակցությամբ մատակարարների կողմից ներմուծված և ներմուծման ԱԱՀ-ով հարկված սերմերի քանակը 2020 թ. համար կազմել է 1557.7 տ, որի շրջանակում պետբյուջեում լրացուցիչ ծախսերը հաշվարկելու համար ուսումնասիրվել են մատակարարների կողմից ներմուծված՝ 1 կգ սերմի ձեռքբերման գները։
Ըստ հիմնավորման՝ փոխհատուցման ենթակա լրացուցիչ գումարը կազմում է շուրջ 31.2 մլն դրամ: Արդյունքում ակնկալվում է բարձրացնել ծրագրի արդյունավետությունը, ավելացնել հանրապետությունում բարձրորակ աշնանացան ցորենի սերմերի ներմուծման և մատակարարման ծավալները, ցորենի ցանքատարածքները։