Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հիշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ քննադատելով Սպիտակ տան ղեկավարի որոշումը:
Boeing, Amazon, Microsoft, Kellogg, PepsiCo, Cisco, Procter&Gamble և Johnson&Johnson ընկերությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Թուրքիայի նախագահն ամերիկացի խոշոր գործարարներին կոչ է արել ավելի լավ հարաբերություններ հաստատել իր երկրի հետ՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն, այնուամենայնիվ, «նոր դարաշրջան» կթևակոխեն ԱՄՆ ընտրություններից հետո հունիսի 14-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ առաջին դեմառդեմ հանդիպումից հետո:
Հիշատակելով Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Բայդենն այդ որոշմամբ հավելյալ բեռ է ավելացրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Գործակալությունը հիշեցնում է, որ Ջո Բայդենն ու Ռեջեփ Էրդողանը միայն մեկ հեռախոսազրույց են ունեցել ապրիլի 23-ին, երբ Սպիտակ տան ղեկավարը թուրք պաշտոնակցին իրազեկել էր 1915-ի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն որակելու մասին: