Օպերատիվ-մարտավարական իրավիճակը հակառակորդի հատած ուղղություններով լարված է: Ադրբեջանի ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ փորձում են վարել սադրիչ հարկադրական գործողություններ: Զինված ուժերը փորձում են հակառակորդին վտարել Հայաստանի տարածքից: Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը մանրամասներ է հաղորդել այսօր գերեվարված 6 զինծառայողի վերաբերյալ:
Իրավիճակը լարվածության գագաթնակետին է հասել առավոտյան ժամը 05:00-ին: Հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները փորձել են ուժերը միավորել և ավելի նպաստավոր իրավիճակ ստեղծել իրենց համար:
Հայկական կողմը որոշել է մեկ նոր մարտական դիրք ավելացնել, որը հնարավոր է՝ կասեցներ հակառակորդի գործողությունները, սակայն հակառակորդը շրջափակել է գործողություն իրականացնող հայկական խմբին և գերեվարել 6 հայ զինծառայողների:
Գերեվարվել են պայմանագրային զինծառայողներ Ա. Աբգարյանը, Ի. Սարգսյանը, Վ. Սարգսյանը, Բ. Օհանյանը, Ա. Բուդոյանը և Վ. Ռաֆայելյանը։
Ասրյանը նաև տեղեկացրել է, որ հակառակորդի զինվորականների քանակը Հայաստանի տարածքում չի գերազանցում հազարը, ապա հավելել՝ հրամանի դեպքում Զինված ուժերը պատրաստ են ոչնչացնել տեղակայված ստորաբաժանումները:
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկվում գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ: Նաև քարտեզ է հրապարակել՝ հերքելով հայ զինծառայողների՝ ադրբեջանական տարածքում գտնվելու մասին Բաքվի տարածած ապատեղեկությունը: