ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի նիստ:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և հանդես եկել միջազգային հանրությանն ու Ադրբեջանի կառավարությանն ուղղված առաջարկով: «Առաջարկը հետևյալն է. մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի ԶՈՒ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր»,- ասաց Փաշինյանը: Ըստ նրա՝ դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն ՌԴ-ն կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ: «Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը պահում է, և զորքեր չի մոտեցնում սահմանագծին»,- նշեց նա՝ ընդգծելով, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, որտեղ էլ սահմանային լարվածությունն է:
«Դրանից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում իմ պատկերացումն այն է, որ ՌԴ և ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն, և այս գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության ներքո»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով, հաջորդ փուլով պետք է սկսվի սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը՝ Սոթքից մինչև Խոզնավար ՌԴ-ի կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների աջակցությամբ: «Սա է իմ առաջարկած պլանը, որը, եթե Ադրբեջանը խնդիր ունի սահմանային կետերի ճշգրտման հետ, պլանը մերժելու պատճառ չպետք է ունենա»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ սա կարող ենք համարել պաշտոնական առաջարկ ՌԴ-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին ու Ադրբեջանին:
«Հույս ունեմ՝ այս առաջարկը կընդունվի, տեղում իրադրությանը ծանոթանալով՝ եկել եմ այն համոզման, որ սա է իրադրության լուծման ամենակարճ, ամենաարդյունավետ ու խելամիտ լուծմանը: Եթե այս ճանապարհով չգնանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալիս վերահսկողությունից, ինչը թույլ տալ չենք կարող»,- ասաց նա: