Ադրբեջանն ու Թուրքիան ընդգրկվել են մտահոգիչ այն երկրների հատուկ ցուցակում, որոնք ոտնահարում են կրոնի ազատությունն ու պղծում են մշակութային ժառանգությունը: Mirror Spectator պարբերականն անդրադարձել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի (USCIRF)՝ 2021-ի ամենամյա զեկույցին, որի համաձայն՝ մասնավորապես հայերի հետ կապված կրոնական ազատության ոտնահարման պատճառով, այս երկու երկրների գործողությունները հատուկ մշտադիտարկման կենթարկվեն:
Զեկույցում հաշվի է առնվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը, որի ժամանակ և հետո Ադրբեջանի՝ կրոնական ազատության ոտնահարման և հայկական պաշտամունքի և կրոնական այլ վայրերի պահպանման հետ կապված գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել: Խոսքը, մասնավորապես, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու՝ ադրբեջանական կողմի թիրախավորումն ու երկու անգամ հրթիռակոծումն է, որը հավանաբար կորակվի որպես պատերազմական հանցագործություն:
Բացի դրանից՝ փաստեր կան նաև Ադրբեջանի կողմից հայկական գերեզմանոցների և գերեզմանաքարերի պղծման ու ավերման վերաբերյալ: