Radio France Internationale-ն (RFI) անդրադարձել է Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտություններին ներգրավված սիրիացի վարձկանների գործունեությանն ու Թուրքիայի իշխանության հետ գործարքներին:
2019-ից սկսած Թուրքիան ուղղակի կամ անուղղակի կերպով հազարավոր սիրիացի վարձկանների է հավաքագրել: Նշվում է, որ սիրիացի վարձկանների մեծ մասը Սիրիայի կառավարության նախկին ընդդիմադիր ուժերն են, որոնք քշվել են արաբական երկրի հյուսիսարևմտյան շրջաններ՝ հայտնվելով Թուրքիայի վերահսկողության տակ:
Պարբերականն ընդգծում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ էր ուղարկել՝ Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցելու նպատակով: Նշվում է, որ միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի հակամարտություններին ներգրավվածներին:
Լիբիա կամ Լեռնային Ղարաբաղ ուղարկված վարձկանները գրեթե ընտրության հնարավորություն չեն ունեցել և ստացել են խոստացված գումարի միայն մի մասը: Վարձկանների ղեկավարները մշտապես խաբել են նրանց գումարի հարցում:
Վարձկաններից մեկը պատմել է, որ երեք ամիս կռվել են առանց վարձատրվելու: Յուրաքանչյուրը որպես կանխավճար պահանջել է 300 դոլար, սակայն ստացել է միայն 100 դոլար:
Հավաքագրված վարձկանները գործարք են կնքել, երբեմն՝ գրավոր պայմանագիր, որի համաձայն նրանց ամսական պետք է վճարվեր 3000 դոլար, իսկ մահվան դեպքում զոհվածի ընտանիքին պետք է տրվեր 75 հազար դոլար փոխհատուցում, երբեմն էլ՝ նույնիսկ Թուրքիայի քաղաքացիություն:
Վարձկանների հավաքագրող միջնորդը պատմել է, որ «զինված խմբավորումները մշտապես խախտում են պայմանագրեր» և վարձկաններին վճարում 800-1400 դոլար:
Փոխհատուցում չի եղել նաև Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների ժամանակ սպանված վարձկանների ընտանիքներին: