Կատալունիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն, որով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հայտարարություն է ստորագրվել, որում ընդգծվում է ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակելու դրույթը:
Սակայն հայտարարության ստորագրումից վեց ամիս անց Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ամենակարևոր հումանիտար դրույթներից մեկի կատարումից՝ ռազմագերիների ազատ արձակումից: Հայտարարության մեջ նշվում է, որ դեռևս պահվում է ավելի քան 200 ռազմագերի:
Կատալունիայի խորհրդարանի հավաստմամբ՝ գերիների ազատ արձակումը բանակցությունների միջոցով վերջնական խաղաղություն հաստատելու նախապայմանն է: Իրավունքը պետք է գերակայի բռնությանը:
Երկրամասի խորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: