Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի բնակչից այսօր վաղ առավոտյան ստացել է ահազանգ այն մասին, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գյուղի հարևանությամբ տեղի է ունեցել զինված միջադեպ, գյուղում պարզ լսվել են կրակոցներ, և ադրբեջանական զինված ուժերն առևանգել են ՀՀ զինծառայողների։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատել են, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի անմիջական հարևանությամբ:
Արձանագրվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի 6 ծառայողներ թիվ N զորամասի պահպանության տարածքում կատարելիս են եղել ինժեներական աշխատանքներ, ում ադրբեջանական զինծառայողները շրջափակվել և գերեվարվել են:
ՀՀ ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի անմիջական հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու, սահմանային բնակիչներին իրենց պատկանող խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործելու օրինական իրավունքից զրկելու միասնական դիտավորության համատեքստում:
«Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:
Նշվածը լրացուցիչ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայող քաղաքացիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: