Վեց զինծառայողի գերեվարման փաստով պաշտոնական Երևանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նրանք անհապաղ պետք է վերադարձվեն: Արտգործնախարարությունը խիստ դատապարտել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը, ընդգծել, որ Բաքվի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Հանրապետության նախագահն էլ հեռախոսազրույց է ունեցել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ: Գերեվարված զինծառայողներին վերադարձնելու համար, նախագահն անհրաժեշտ է համարել անհապախ գործի դնել բոլոր հնարավորությունները: Արմեն Սարգսյանն Արտակ Դավթյանին ասել է, որ պետք է արվի առավելագույնը՝ սահմանագիծը պահող զինվորականների և Հայաստանի բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շոկային է համարում Գեղարքունիքի սահմանին 6 հայ զինծառայողի առևանգումը: Դեսպանն ընդգծել է, որ Բրյուսելն ուշադիր հետևում է Հայաստանի սահմանի իրադարձությունների զարգացմանը։
Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան) - Մենք ավելի ուշ արտգործնախարարության հետ կունենանք քննարկում՝ Գեղարքունիքի սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ։ Խնդիրն ուսումնասիրելուց հետո միայն կարող եմ հստակ դիրքորոշում ներկայացնել։ Բայց վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սյունիք այցելության ժամանակ՝ ԵՄ-ը կարևորում է Սյունիքում և ամբողջ Հայաստանում տարածքային ամբողջականության պահպանումը։
Մարդու իրավունքների պաշտպանն էլ շեշտել է՝ որ ադրբեջանական զինուժի արարքը վտանգում է Գեղարքունիքի բնակիչների կյանքն ու առողջությունը: Արմեն Թաթոյանը նշել է, որ միջազգային կառույցները պետք է գնահատեն, թե ով է իրականում խաթարում տարածաշրջանի խաղաղությունը:
Գերեվարված վեց հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը Եվրադատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։