Հարությունն ավելի քան մեկ տարվա ժամկետային զինծառայող էր՝ պատերազմը սկսվեց: Ռուսաստանից եկել էր, որ հայրենիքին իր պարտքը տար: Վիրավորվել է, հիմա էլ ապաքինվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Բուժմանը զուգահեռ, ինչպես և Զինվորի տան շատ տղաներ, Հարութը տարբեր դասընթացների է մասնակցում: Կենտրոնը տղաների համար նոր կյանքի լայն հնարավորություններ է ստեղծում, որ մասնագիտություն ձեռք բերեն, աշխատանքի տեղավորվեն: Տղաներից ոմանք հենց այստեղ են աշխատանքի ընդունվում:
Հարություն - Ես շատ դասերի եմ գնում: Էնքան շատ դասեր ա, հիմա չեմ կարող դաժե հիշել, բայց կփորձեմ թվարկել՝ դաշնամուր ա, զանգակներ ա, կիթառ ա, դա էլ ինձ հետաքրքրել: SMM, ծրագրավորում, տարբեր լեզուներ՝ անգլերեն:
- Ո՞նց ես հասցնում:
- Գրաֆիկ եմ կազմում ժամանակից ու ամեն ինչ հասցնում եմ:
Նաև ցանկություն ունի մասնակցել մոտ ապագայում Զինվորի տանը մեկնարկող նոր դասընթացին: Պետական եկամուտների կոմիտեն ու Զինվորի տունը համատեղ ծրագիր կիրականացնեն: Լավագույններին վերջում ՊԵԿ-ում աշխատանքի կտեղավորեն: Դասերը մեկնարկելու են հունիսի երկրորդ կեսին:
Հայկուհի Մինասյան (Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Առաջարկը եղավ ՊԵԿ-ի կողմից, որպեսզի տղաներին փորձեն պետական համակարգում աշխատանքի տեղավորել: Հետո հասկացանք, որ տղաների մի մասն ունի բարձրագույն կրթություն, ինչը թույլ կտար ՊԵԿ-ում հենց աշխատանքի անցնել, իսկ այն տղաները, ովքեր բարձրագույն կրթություն չունեին, որոշեցինք, որ կարող են սովորել հաշվապահի աշխատանք, և փորձենք իրենց աշխատանքի տեղավորել մասնավոր սեկտորում:
40 զինվոր արդեն դիմում է ներկայացրել , բայց ընտրությունը մի փոքր խիստ ու երկար կանցկացվի: Ռեսուրսն ու ժամանակն անիմաստ չենք ուզում վատնել, ասում է կենտրոնի տնօրենը: Դասընթացին կմասնակցեն նրանք, ովքեր իսկապես սեր ունեն, հավակնում են այդ ոլորտում աշխատանքի անցնել:
Հայկուհի Մինասյան - Մեր նպատակը՝ ունենալ թեկուզ 10 զինվոր, ովքեր կանցնեն աշխատանքի, ոչ թե 40 կամ 100 զինվոր, ովքեր ձևական կանցնեն, այդ պատճառով մեր նախապատրաստական փուլը, եկել ենք համաձայնության, որ ավելի երկար պիտի լինի, որ ավելի լավ ընտրենք:
Մինչև զինվորի տանը ցուցակագրում են ՊԵԿ-ի դասընթացի մասնակիցներին, այդ ընթացքում կենտրոնի տարբեր հարկերում ու տարբեր սենյակներում ամեն րոպե տղաները նոր մասնագիտություններ են ձեռք բերում, նոր հոբբի հայտնաբերում:
Հայկուհի Մինասյան - Շատ մեծ պալիտրա ունենք մասնագիտությունների: Տղաները սկզբից մի քանի մասնագիտությամբ հնարավոր է սկսեն դասընթացները, որպեսզի հասկանան՝ ո՛րը ընտրեն: Քանի որ դա նրանց առաջին մասնագիտությունն է, տղաներից շատերը 18-19 տըարեկան են և չեն հասցրել բուհ ընդունվել, նոր սկսում են: Հիմնականում IT ոլորտն է, եռաչափ մոդելավորման ոլորտն է:
Մինչև Հարությունը իր երազանքի՝ բիզնեսմենի մասնագիտությունը կկատարելագործի, բազմաթիվ դասերով և բուժումով ծանրաբեռնված ժամանակից գողացած մի քանի րոպեն նոր նախասիրությանն է նվիրում: Սա էլ է այստեղ սովորում: