Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի՝ 35, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 41 ուսանող և շրջանավարտ: Այսօր երկու բուհերում տեղի են ունեցել զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ:
ՀՊՄՀ-ի բակում տեղադրվել է հուշարձան-խաչքար, որը բերվել է Արցախից. այն Ծիծեռնավանքի մասունքներից է՝ թվագրված 1601 թվականով։ Խաչքարի օծման կարգն իրականացրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Հուշակոթողի օծման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Օծման արարողությունից հետո մասնակիցները՝ ուսանողներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ, երթով շարժվել են դեպի «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մերօրյա հերոսների հիշատակին:
ՀՖԿՍՊԻ նախաձեռնությամբ էլ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է բուհի «Անմահ գնդի» հիշատակը ոգեկոչող «Խնկարկում» միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Կարեն Թռչունյանը և երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:
ՀՖԿՍՊԻ նախկին և ներկա ուսանողները, այդ թվում՝ պատերազմի մասնակից, իրենց կատարումներով հարգել են զոհերի հիշատակը, իսկ բուհի գիտխորհրդի որոշմամբ՝ զոհված ուսանողների հարազատներին հանձնվել են «Հավերժ ուսանող» խորագրով դիպլոմներ: Նշենք նաև, որ ՀՖԿՍՊԻ-ն նախաձեռնել է զոհերի հիշատակին նվիրված հուշամրցաշարեր, որոնք կրելու են ամենամյա բնույթ: