Նախորդ տարի ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքից հետո ՀՌՀ-ն աշխատանք է իրականացրել լրատվամիջոցների հետ դասընթացների, սեմինարների կոնֆերանսների միջոցով և՛ հեռարձակողների, և՛ դիստրիբյուտորների, և՛ ցանցային օպերատորների ներկայացուցիչների հետ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Դա եղել է և՛ օրենքի ընդունումից հետո, և՛ հանրային մուլտիպլեքսի մրցույթից առաջ, երբ բոլորին բացատրում էինք մեր մեթոդաբանությունը և կարգերը»,- նշեց նա:
ՀՌՀ նախագահի խոսքով՝ լրացուցիչ անկախության երաշխիքներ ապահովել է նաև նոր օրենսդրությունը: Մասնավորապես, օրենսդրությամբ ամրագրված է՝ հանձնաժողովը, հանձնաժողովի անդամները, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները իրենց լիազորությունները իրականացնելիս անկախ են, ենթարկվում են միայն օրենքին, և չեն թույլատրվում անօրինական ազդեցություն և միջամտություն նրանց գործունեությանը:
Տիգրան Հակոբյանը նշեց, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն առաջխաղացում է, արդյունքում՝ ազատականացվում է ոլորտը: Ասաց՝ հանված են բազմաթիվ սահմանափակումներ, օրինակ՝ նոր ռադիոների բացման, օպերատորների ցանցային գործունեության առումով:
«Նոր կարգավորումները բավականին նվազեցնում են, եթե ընդհանրապես չեն ոչնչացնում կոռուպցիոն ռիսկերը. շատ պարզեցված ընթացակարգ է և՛ հեղինակազորման, և՛ լիցենզիա ստանալու, և կան այլ կարգավորումներ, որոնք հեշտացնում են մեդիայի աշխատանքը»,- ասաց Հակոբյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ գործարկման ընթացքում որոշ դրույթներ հստակեցման փոփոխման կարիք ունեն, օրինակ՝ բովանդակային սահմանափակումների անհրաժեշտությունը, քանի որ այդ առումով ռեալ նորմ հանձնաժողովը չունի: Հակոբյանը նաև կարծիք հայտնեց, որ նոր գումարվող ԱԺ-ն պետք է համապատասխան փոփոխություններ կատարի օրենսդրության մեջ:
2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հայաստանում գործել են 114 լիցենզավորված ընկերություններ, այդ թվում՝ 28 տեսալսողական, այսինքն՝ հեռուստատեսություններ, 18՝ լսողական, 68 ցանցային օպերատորներ, հեղինակազորվել է 38 ընկերություն:
Հակոբյանը նաև հայտնեց, որ Հայաստանում այսօր գործում է մոտ 300 հեռուստածրագրեր կաբելային փաթեթներում, որոնց 56-ը՝ եվրոպական երկրների, 54-ը՝ Միացյալ Նահանգների, 62-ը՝ Հայաստանի, 13-ը՝ այլ երկրների և 171-ը ռուսական հեռուստածրագրեր են: Հայկական հեռուստածրագրերը բացահայտ փոքրամասնության մեջ են: ՀՌՀ նախագահը հույս ունի, որ մյուս գումարման ԱԺ-ն կկարգավորի ոլորտը, և առաջնահերթություններ կտրվեն հայերեն լեզվով ծրագրերին: