ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և բուհի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առևտրային կաշառք, կաշառք ստանալու, ինչպես նաև մեկ այլ անձի կողմից դրանց օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Պարզվել է, որ ամբիոնի վարիչը, պատասխանատվություն կրելով քննաշրջանների և ամփոփիչ, ավարտական քննությունների արդյունքների համար, Վանաձորի բնակչուհու հետ համաձայնության գալով՝ պարբերաբար ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը տվել է միջնորդին, իսկ ուսանողների կուրսային աշխատանքները, քննությունները, ստուգարքները, ավարտական աշխատանքների պաշտպանությունները գնահատվել են դրական:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Ինչպես նաև մեղադրանք է առաջադրվել Վանաձորի բնակչուհուն, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: