2020 թվականին Կառավարության կողմից Հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու էական բողոքներ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը չի ստացել: Այսօր խորհրդարանում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ շեշտելով, որ իշխանությունը հավատարիմ է մնացել հռչակած սկզբունքներին և ստանձնած պարտավարություններին:
Ներկայացնելով հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը՝ Հակոբյանն ընդգծեց՝ հեռարձակողների կողմից ստացված բողոքների մեծ մասն առնչվում են երկու խնդրի. առաջինը կորոնավիրուսի տարածման առաջին ամիսներին հաղորդավարների՝ եթերում դիմակ կրելու պարտադիր պայմանն էր:
Տիգրան Հակոբյան, ՀՌՀ նախագահ - Մենք գտնում ենք, որ պարետի որոշումներում կային ոչ հստակ և անտրամաբանական պահանջներ:
Հաջորդ բողոքը, ըստ Հակոբյանի, վերաբերել է այն հանգամանքին, որ որոշ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ պատգամավորներ, խտրական, անհարգալից, երբեմն արհամարհական, սպառնալիքներով համեմված վերաբերմունք են դրսևորում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ:
Հակոբյանը, սակայն, շեշտեց՝ չնայած հանձնաժողովի դրական գնատականին, այնուամենայնիվ ոլորտում ազատության վիճակը բավարար չէ, իսկ պատճառները բազմաթիվ են: Հիմնադիրների միջամտության պարագայում հեռարձակողները հաճախ անտեսում են քաղաքացու անկողմնակալ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ սպասարկելով անհատների կամ քաղաքական ուժերի շահերը: Հակոբյանի գնահատմամբ՝ անկախ է գործում նաև իր ղեկավարած հանձնաժողովը: Կառավարությունից որևէ միջամտություն չի եղել;
Տիգրան Հակոբյան - Իհարկե, եղել են մեզ բարեկամաբար ուղղորդելու դեպքեր, սակայն այդ փորձերը ձախողվել են:
Պատգամավորները փորձեցին ոլորտի խնդիրներին անդրադառնալ նաև հանձնաժողովի նախագահին ուղղված հարցերով: Թագուհի Թովմասյանը դժգոհեց՝ Հանրային հեռուստաընկերությունում կա սև ցուցակ, որում ներառված անձինք համարվում են անցանկալի և չեն լուսաբանվում, որպես օրինակ նշեց «Իմ քայլից» դուրս եկած և իրենց անկախ հայտարարած մի քանի պատգամավորի: Պնդեց՝ պատշաճ չի լուսաբանվել նաև գերիներին առնչվող ԱԺ հայտարարության նախագիծը: Տիգրան Հակոբյանը հակադարձեց՝ Հանրայինն այսօր ամենաազատ, ամենաբազմազան հեռուստաընկերությունն է:
Տիգրան Հակոբյան - Որևէ հեռուստաընկերություն՝ ընդդիմադիր լինի, թե անկախ, թեմաների այդպիսի մեծ սպեկտր չի տալիս: Խնդրեմ՝ նայեք Պետրոսի հյուրերին: Որ իդեալական չէ, միանշանակ այդպես է, բայց մենք այլ հեռուստաընկերությունների թերությունները չնկատելով՝ ամբողջ մեր ուժը գցում ենք Հանրայինի վրա, որն էականորեն փոփոխել է իր բովանդակությունը: Որ ասում եք, չի փոփոխվել, հանենք 10 տարի առաջվա ցանկը, թե ովքեր էին այնտեղ ելույթ ունենում, և այսօր:
Պատգամավորը փորձեց պարզաբանել. խոսքը, մասնավորապես, վերաբերում է լրատվական ծառայությանը, որը նրա գնահատմամբ՝ ակնհայտ կողմնակալ է:
«Իմ քայլից» դուրս եկած մեկ այլ պատգամավոր էլ դժգոհեց Պետրոս Ղազարյանի հաղորդաշարից: Սոֆյա Հովսեփյանի գնահատմամբ՝ հաղորդավարը հրավիրում է հյուրին, սակայն պաշտպանում է պետության շահը:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ Հանրային հեռուստաընկերությունը փորձում է անաչառ լինել, ինչը, ըստ Բագրատյանի, չի կարելի ասել մյուս հեռուստաընկերությունների մասին:
«Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանի կարծիքով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լծակներն ու ռեսուրսները բավարար չեն վերահսկողություն իրականացնելու համար: Պատգամավորը նաև տարակուսեց, թե ինչու են Հանրային հեռուստաընկերությանն առնչվող հարցերն ուղղվում հանձնաժողովի նախագահին: Բոլոր կարգավորումներն օրենքով ամրագրված են:
Հարցի քննարկման ավարտին Տիգրան Հակոբյանը հավելեց՝ իրենց գործառույթներն ավելի արդյունավետ կկատարեն, եթե օրենսդիրն իրենց ապահովի իրավական անհրաժեշտ գործիքակազմով: