ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության աշխատանքին՝ դժգոհելով, թե «ինչու գոնե Հանրային հեռուստաընկերության մասով չի հաջողվում նախկին ավանդույթները փոխել»:
«Օրինակ՝ կան մարդիկ, որոնք սիրելի են իշխանությունների համար, Հանրային հեռուստաընկերությունն օրումեջ եթեր է տալիս, կան ատելի կամ «սև ցուցակում» գտնվող մարդիկ, որոնք երբեք չեն լուսաբանվում»,- հարց ուղղեց Հակոբյանին Թագուհի Թովմասյանը:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ի պատասխան պատգամավորի դժգոհության, նշեց, որ կարծրատիպ է ձևավորվել, թե Հանրային հեռուստաընկերությունը շատ վատ է աշխատում, և խոստացավ Թովմասյանի էլեկտրոնային փոստին ուղարկել հյուրերի, անվանացանկի, թեմաների համեմատականը:
«Հանրային հեռուստաընկերությունն այսօր ամենաազատ, ամենաբազմազան հեռուստաընկերությունն է, ամենա: Որևէ հեռուստաընկերություն՝ ընդդիմադիր լինի, թե անկախ, այդպիսի մեծ սպեկտր թեմաների՝ գործիչների, քաղաքական, սպորտային, մշակութային, քաղաքացիական, չի տալիս: Խնդրեմ՝ նայեք Պետրոսի հյուրերին: Որ իդեալական չէ, միանշանակ այդպես է, բայց մենք այլ հեռուստաընկերությունների թերությունները չնկատելով՝ ամբողջ մեր ուժը գցում ենք Հանրայինի վրա, որն էականորեն փոփոխել է իր բովանդակությունը: Որ ասում եք՝ չի փոփոխվել, հանենք 10 տարի առաջվա ցանկը, թե ովքեր էին այնտեղ ելույթ ունենում, և այսօր:
Հանրայինի խնդիրը քաղաքական բովանդակությունը չէ, մենք միայն շատ ժամանակ սահմանափակվում ենք միայն քաղաքական բովանդակությամբ, բայց այն ուսումնական, կրթական, զարգացնող, մանկական հաղորդումները, հայկական լեզուների պահպանումը այսօր շատ ժամանակ միայն Հանրային հեռուստաընկերությունով է: Պետք է նայել՝ ինչքանով է էֆեկտիվ այդ գումարները ծախսվում, պետք է հասկանալ՝ ինչ բովանդակություն են տալիս սպուտնիկային ալիքներով: Այսինքն՝ Հանրային հեռարձակողը շատ ավելի կարևորագույն խնդիրներ ունի՝ որպես փափուկ ուժ դրսում ներկայանալու, քան հաշվելը՝ էս մարդուն կանչեցին կամ չկանչեցին: Ի վերջո, բազմազանությունը մի հեռուստաընկերությամբ չի ապահովվում»,- նշեց Հակոբյանը: