Խորհրդարանը քննարկեց «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հիշեցրեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի որոշումը, որով նախատեսվում է նոր, բարձր ավելացված արժեք ստեղծող մշակաբույսերի մշակության և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծում՝ նշելով, որ նախագծով սահմանվում են արտադրական կանեփի շրջանառության, արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման, ապօրինի շրջանառության կանխարգելման կարգի առանձնահատկությունները:
«Արտադրական կանեփի արտադրությունն իր մեջ ներառում է մշակաբույսի մշակումն ու կանաչ զանգվածի և ծաղկազանգվածի վերամշակումը, որի արդյունքում ստացվում է կանաբիդոլի յուղ, որը լայն կիրառություն ունի կոսմետիկ արտադրության մեջ, ինչպես նաև առողջապահության ոլորտում»,- նշեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ բույսի մշակումը իրականացվելու է բացառապես պաշտպանված գրունտի պայմաններում:
Արտադրական կանեփի ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առևտրով կարող է զբաղվել միայն այն իրավաբանական անձը, որը ստացել է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա: Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիաները տրվում են մինչև տասը տարի ժամկետով: Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա չեն կարող ստանալ այն անձինք, որոնց մասնակիցները կամ փոխկապակցված անձինք, իրական շահառուները կամ արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ընթացքում կանեփի, կանեփի բույսի, դրա սերմերի հետ անմիջական շփում ունեցող անձինք ունեն դատվածություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, կամ ենթարկվել են այդպիսի վարչական իրավախախտման համար:
«Հայաստանի Հանրապետության Կառավարությունը քվոտավորում է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը: Քվոտավորումը կարող է լինել տարբերակված ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն և նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ծավալներ, քանակ սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով»,- նշեց փոխնախարարը:
Կանեփի բույսի, սերմերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայի առկայության դեպքում: Արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության համար լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ունեցող անձի: