ՀԱՊԿ-ն ու կազմակերպության անդամ երկրներն են Հայաստանին հորդորել չգնալ հարցի լուծման ռազմական ճանապարհով՝ խորհրդարանում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու արդեն 15 օր հայկական բանակը ուժային գործողության չի դիմում:
Հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել փորձող Հայաստանին, սակայն, այս պահին չի բավարարում ՀԱՊԿ գործողությունների արագությունը՝ նշեց Փաշինյանը: Հավելեց՝ հետևողականորեն շարունակելու են աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ չի չեզոքացվել Ադրբեջանի նախնական մտադրությունը: Իսկ պաշտոնական Բաքվի՝ Հայաստանի տարածքում՝ Սև լճում, ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր ու, ինչպես ավելի վաղ Ալիևն էր հայտարարել, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը՝ գնահատում է վարչապետի պաշտոնակատարը:
Այս պահին երկրում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չկա՝ ասաց Փաշինյանը: Հետպատերազմյան անվտանգային համակարգը հիմա լուրջ փորձություն է անցնում ու վարչապետի պաշտոնակատարի գնահատմամբ՝ այդ փորձությունը հաջողությամբ կհաղթահարեն ՀԱՊԿ-ի ու Հայ-ռուսական անվտանգային գործակցության շնորհիվ: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ուղիղ հարցրեց՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը չեն ցուցաբերի անհրաժեշտ ռազմական օգնությունը, եթե Հայաստանը որոշի պատժիչ գործողություններ իրականացնել սահմանը հատած ադրբեջանցիների նկատմամբ:
Փաշինյանը բացատրեց՝ պայմանագրով է ամրագրված. Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում նաև Ռուսաստանի վրա: «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի հարցին ի պատասխան էլ կրկին խոսեց այս օրերին բանակցվող աշխատանքային փաստաթղթից, շեշտեց՝ չկա, չի եղել ու չի քննարկվել որևէ տարբերակ, որ առանց ադրբեջանական զորքերի դուրսբերման Հայաստանը որևէ թուղթ ստորագրի:
Եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի կամ Հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագրի գործիքները բավարար չեն, չի բացառվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելը՝ ասաց Փաշինյանն ու շեշտեց՝ հարցը քննարկվել է առաջին օրվանից: Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի նման գործողություն իրականացնել:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն էլ առաջիկայում գործուղվելու է Ռուսաստան, հանդիպելու է իր ռուս պաշտոնակցի հետ: Քննարկումների առանցքում, իհարկե, սահմանի իրավիճակն է: Վաղարշակ Հարությունյանն այսօր էլ այդ մասին խոսեց: Երեկ Վերին Շորժայի հատվածում՝ ադրբեջանցիների կրակահերթի պատճառով մեկ զոհ ունեցանք, իսկ այսօր պաշտոնական Բաքուն Հայաստանին է փորձում մեղադրել վերջին երեք օրերին իբր իրենց մարտական դիրքերը գնդակոծելու մեջ։ Հարությունյանը շեշտեց՝ ՊՆ հերքել է այդ կեղծ լուրերը, որով հակառակորդը փորձում է կոծկել զենքի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքում:
«Իմ քայլի» պատգամավորի հարցին ի պատասխան էլ Փաշինյանը խոսեց սահմանային իրավիճակի մասին՝ հայկական լրատվադաշտի արձագանքից ու տարածվող տեսանյութերից: Ասաց՝ այսօր իրեն ներկայացված տեղեկանքից պարզ է դարձել, որ ընդդիմադիր շրջանակի օգտատերերը տարածել են նույն տեսանյութերը, ինչ ադրբեջանցիները, և դրանք եղել են ընտրված՝ հայկական բանակը վարկաբեկելու տրամաբանությամբ:
Սահմանային իրավիճակը չի ստվերել ռազմագերիների հարցը՝ սա էլ վստահեցրեց արտգործնախարարի պաշտոնակատարը: Ասաց՝ Հայաստանը շարունակում է ակտիվ աշխատանքն ու Ադրբեջանի վրա միջազգային ճնշումն աճում է: Արա Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքը մտահոգում է նաև տարածաշրջանի երկրներին ու դրանով է պայմանավորված Իրանի արտոգործնախարարի նախապես չծրագրված այցը նախ Բաքու, ապա Երևան:
Վերադառնալով ներաքաղաքական հարցերին՝ «Լուսավորից» Սարգիս Ալեքսանյանը դիմեց գործադիրին, խնդրեց ուսումնասիրել վերջին օրերին շրջանառվող լուրերը: Ասաց՝ արդեն խոսակցություններ կան, որ ընտրակաշառք է բաժանվում, չափն էլ՝ 100 դոլար:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարն էլ տեղեկացրեց՝ հունիսի 1-ից հանվելու է դրսում դիմակ կրելու պարտադիր պահանջը, իսկ փակ տարածքներում դրանից ազատված կլինեն միայն պատվաստվածները: