Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Մայքլ Շուլմանի գործունեության ավարտի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը, միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը և ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աշխատակիցները:
Ողջունելով հյուրերին՝ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ ՀՀ քննչական կոմիտեին տարիների ընթացքում ցուցաբերած օգնության և օժանդակության համար: Կարևորելով երկարամյա համագործակցությունը՝ Քննչական կոմիտեի նախագահը շեշտել է, որ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են և նպաստում են Քննչական կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, կազմակերպաիրավական ընթացակարգերի որակական առավել բարձր հարթություն տեղափոխելուն, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարձրացմանը:
ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումից ի վեր ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեին նվիրաբերվել է թվով 72 սկաներ, 4 համակարգիչ, 4 ցանցային սարք և ծրագրային լիցենզիաներ, ինչպես նաև այլ սարքավորումներ, որոնց շնորհիվ Կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քրեական գործերը թվայնացվում են, այսինքն՝ ստեղծվում էլեկտրոնային արխիվ և էլեկտրոնային գրադարան, քննիչների համար կազմակերպվել են դասընթացներ, վերապատրաստումներ, քննարկումներ:
Շնորհիվ տրամադրված տեխնիկայի՝ Քննչական կոմիտեն այսօր ունի համակարգչատեխնիկական լաբորատորիա, որը նպաստում է քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը, ապահովմանն ու հանցագործությունների բացահայտմանը:
Բացի այդ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրերի պատասխանատուների գործուն աջակցությամբ պայմանագիր է կնքվել ՀՀ քննչական կոմիտեի և Կորած և թրաֆիքինգի ենթարկված երեխաների որոնման ազգային կենտրոնի միջև, ներդրվել տեղեկատվության փոխանակման թեժ գիծ:
«Նկատի ունենալով առկա համագործակցությունը և մեծապես կարևորելով ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացմանը, առավել արդարացի և թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը, ես լիահույս եմ, որ մեր համատեղ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ»,- ասել է Հայկ Գրիգորյանը:
Մայքլ Շուլմանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության համար՝ ապագայում ավելի ընդլայնված համագործակցության ակնկալիքով: