Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Վերենա Թեյլորին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին:
Արման Թաթոյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ բարձր համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Սյունիքում և Գեղարքունիքում իր փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների վերաբերյալ:
Հատուկ ընդգծվել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների ազատ արձակման ու վերադարձի գործընթացը:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված անձանց խնդիրներին և Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների հիման վրա կազմված համապատասխան արտահերթ զեկույցին։