Սիրտ-անոթային մասնագետների, նյարդաբանների մոտ քովիդի ի հայտ գալուց հետո այցելուներն ավելացել են: Կորոնավիրուսով վարակվելուց հետո սիրտ-անոթային ու նյարդաբանական խնդիրներ շատերի մոտ են ի հայտ գալիս: Առողջապահության նախարարության վերջին մեկ տարվա ուսումնասիրություններ են դրա մասին խոսում:
Համլետ Հայրապետյան (ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու) - Տարածված, հաճախ հանդիպողը սիրտ-անոթային ախտահարումներից սրտի վնասումն է: Դա ուղղակի վիրուսի տոքսիկ ազդեցությունն է սրտամկանի վրա, որը բերում է մինչև սրտամկանի ինֆարկտ կամ սրտամկանի բորբոքում:
Սրանք առավել ծանր ձևով ընթացող հետևանքներն են և կարող են հետք թողնել նույնիսկ քովիդից առողջացումից հետո, ասում է բժիշկը: Քովիդի ժամանակ նաև սրտի ռիթմի խանգարումներ են լինում, որոնք, ի դեպ, կարող են առողջանալուն զուգահեռ կամ մեկ-երկու ամիս անց կարգավորվել, կարող են նաև լուրջ հետևանքներ թողնել:
Համլետ Հայրապետյան - Բուժման առաջին էտապներում անցած տարի նպաստում էին նաև դեղերը, որոնք ոչ ապացուցված բազայի հիման վրա նշանակվում էին բժիշկների կողմից, և որոշ դեղորայքներ իրենք բերում էին սրտի ֆիզիոլոգիական խանգարումների, հետագայում արտահայտվում առիթմիաների ձևով: Ահա այսպիսի դեպքերի հետ ես ստիպված եմ եղել շփվելու և բուժելու:
Երբեմն դժվար է տարբերել, ասում է բժիշկը, սրտային գանգատները կապված են ստացած դեղերի՞ հետ, թե՞ վիրուսի հետևանք են: Ամեն դեպքում, այս ամենից խուսափելու միակ եղանակը չվարակվելն է, ասում է բժիշկը: Դրա միակ ճանապարհն էլ՝ պատվաստվելը: Նյարդաբանի թվարկած խնդիրներից, որոնցով հիվանդները դիմում են, ամենահաճախ հանդիպողը անքնությունն է:
Սամսոն Խաչատրյան (ՀՀ առողջապահության նախարարության՝ նյարդաբանության գծով խորհրդատու) - Հիվանդությունը իր հետ բերում է որոշակի նյարդաբանական դրսևորումներ, երբեմն՝ բավականին լուրջ բարդություններ: Օրինակ՝ հայտնի է, որ կարող նպաստել կաթվածի առաջացմանը: Կարող են որոշ դեպքերում նկատվել էպիլեպտիկ ցնցումներ՝ էպիլեպսիա չունեցող անձանց շրջանում:
Կարող են նյարդերի բորբոքումներ առաջանալ, ինչի հետևանքով մարմնի թուլություն, թմրածություն, երբեմն՝ ցավ, շնչառական խնդիրներ:
Սամսոն Խաչատրյան - Յուրաքանչյուր նման նշան ուշադրության արժանի պետք է լինի՝ թուլություն կամ գիտակցության կորուստ, որովհետև յուրաքանչյուր դեպքում արագ արձագանքելը օգնում է լավ արդյունքին:
Հիվանդությունը երբեմն կարող է խաբուսիկ լինել՝ հիշեցնում է բժիշկը: Կորոնավիրուսը թեթև տանել դեռևս չի նշանակում հետևանքներից ապահովագրված լինել: Հետևաբար, ասում է, ավելի լավ է չվարակվել: